Գլխավոր մարտահրավերները՝ Հրապարակում ու Բաղրամյանում
Նոր սկսված 2022 թվականը ծանր, չափազանց ծանր տարի է լինելու Հայաստանի ու Արցախի համար, և իրատեսությունը պահանջում է դուրս գալ ամանորյա կենացների տրամաբանությունից ու ազնվորեն խոսել այդ մասին հասարակության հետ։
Այս տարվա ընթացքում Հայաստանը, ցավոք, շարունակելու է ապրել հետպատերազմական բոլոր անվտանգային ու գոյաբանական սպառնալիքների ներքո, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են իրենց ցանկացածը ստանալու համար։
Լայն իմաստով, սակայն, մեր խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան այդ սպառնալիքների գոյությունն է ինքնին, այլ այն, որ Հայաստանը չունի դրանց դիմակայելու ունակ ու կարող իշխանություն։
Օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ «ոչ» ասելու ո՛չ Ադրբեջանին ու Թուրքիային, ո՛չ էլ նաև նրանց շահերի դիրքերից հանդես եկող Ռուսաստանին ու Արևմուտքին։
Մեծ է հավանականությունը, որ 2022 թվականին առնվազն առարկայանալու է Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։ Հաշվի առնելով Ադրբեջանի շտապողականությունը, կա վտանգ, որ ի հեճուկս սահմանազատման ու սահմանագծման՝ տարիներ կամ տասնամյակներ տևող նախադեպերի, մեր դեպքում դա կարող է ավարտվել անգամ այս տարվա ընթացքում։ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, անում է ամեն ինչ՝ այդ գործընթացը Խաղաղության պայմանագրի՝ Արցախի ներառմամբ իր տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթի ստորագրման հետ փոխկապակցելու համար։ Զուգահեռաբար՝ այս տարվա ընթացքում կարող են որոշակի զարգացումներ տեղի ունենալ նաև հայ-թուրքական հարաբերություններում։
Համենայնդեպս, Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է նման ցանկության մասին ու ամեն առիթով «դրական ազդակներ» է հղում Թուրքիային։ Այնպես չէ, որ այդ գործընթացը Թուրքիային անհրաժեշտ չէ, բայց հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իրավիճակը, Էրդողանն ամեն ինչ անելու է այն իրեն ցանկալի հունով ուղղորդելու ու Հայաստանից առավելագույնը ստանալու համար։
Այս երկու ուղղություններն են, ամենայն հավանականությամբ, կազմելու Հայաստանի ոչ միայն՝ արտաքին, այլև՝ ներքին քաղաքական օրակարգերի մեծ մասը։
Ընդ որում, խնդիրն այն չէ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները միայն սպառնալիքներ են ներկայացնում, և պետք է ամեն գնով խուսափել դրանցից։ Ամենևին։
Արտաքին քաղաքական որևէ գործընթաց ցանկացած պետության համար պարունակում է՝ ինչպես սպառնալիքներ, այնպես էլ՝ հնարավորություններ։ Սպառնալիքներին դիմակայելու համար պետք է դիմադրողականություն ունեցող պետություն և համարձակություն ունեցող իշխանություն, որը, ցավոք, Հայաստանը չունի։
Հնարավորություններն իրացնելու համար անհրաժեշտ է կրկին ներքին դիմադրողականություն և կամք, ինտելեկտ ու սկզբունքայնություն ունեցող իշխանություն, որը ևս, դժբախտաբար, Հայաստանը չունի։
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իրական սպառնալիքը ոչ միայն ու ոչ այնքան Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում այս կամ այն զարգացումն է, որը տեղի է ունենալու բոլոր դեպքերում, այլ այդ զարգացումներում ադեկվատ ու հայկական շահը պաշտպանելու ունակ իշխանության բացակայությունը։
Այսինքն՝ առաջին հայացքից առավելապես արտաքին մարտահրավերներ ունեցող Հայաստանի իրական մարտահրավերը երկրի ներսում է՝ Հանրապետության հրապարակում ու Բաղրամյան փողոցում, որտեղ գտնվողները փորձում են հասարակությանը համոզել, որ մեր խնդիրները Բաքվում են, Անկարայում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում։
Ռոբերտ Տեր–Սարգսյան