Իրանն ու Հայաստանն առաջիկա մի մեծ փուլում հարաբերվելու են բազմակողմ ձևաչափում, երկկողմ հարաբերությունները 2-րդ պլան են մղվելու. իրանցի վերլուծաբան

«Հայ-իրանական հարաբերությունները հաջորդ տարի ավելի արդյունավետ են լինելու բազմակողմ ձևաչափերում, քան երկկողմ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին և դրանց ներուժին հաջորդ տարի:

Վերլուծաբանն ասաց, որ տարին բավականին ուշագրավ փուլեր էր պարունակում հայ-իրանական հարաբերությունների համար:

«2021 թվականը սկսվեց շատ խոստումնալից հայ-իրանական հարաբերությունների համար, քանի որ Իրանը հասկացել էր, որ այս ուղղությամբ իրանական քաղաքականությունը մեծ բացեր է ունեցել, ուստի այս ռեգիոնում Իրանի տեղի համար պետք է Ռուսաստանի հետ բանակցություններ, աշխատանք ռեգիոնալ բոլոր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի հետ:

Հայ-իրանական ինտենսիվ երկխոսություն էր ընթանում, կար իրանական կողմի շահագրգռությունը՝ քննարկել տարածաշրջանային կոմունիկացիաները, Իրանը մի շարք կարևոր պատվիրակություններ ուղարկեց Հայաստան տարվա առաջին կեսին, ապա տեղի ունեցան ընտրություններ երկու երկրում, Իրանում փոխվեց իշխանությունը, սակայն ըստ էության հայացքը ռեգիոնին չփոխվեց, բարձրաստիճան շփումներ տեղի ունեցան, քննարկումներ, թե ինչպես կարող է Իրանը նպաստել Հայաստանի համար այս բարդ փուլում խնդիրների լուծմանը, խոսքն անվտանգության մասին էր, գլոբալ ենթակառուցվածքների, քաղաքականության:

Այդ փուլում ԻԻՀ նոր ԱԳ նախարար Աբդոլլահիանը այցեր կատարեց, ներկայացրեց Իրանի տարածաշրջանային հայտը Ռուսաստանին, Թուրքիային, և կարծես այս քննարկումների արդյունքում գործի ընկավ տարածաշրջանային համագործակցության նոր՝ 6-ի մեխանիզմը, որին Իրանը ևս մասնակցում է, ինչը նշանակում է, որ Իրանը տարածաշրջանային բոլոր հարցերին կմասնակցի, քանի որ դա քաղաքական–դիվանագիտական հարթակ է»,- ասաց վերլուծաբանը:

Նա հիշեցրեց, որ առանձին ուշադրության է արժանի իրավիճակը Սյունիքի ճանապարհների շուրջ, երբ Իրանն ու Ադրբեջանը հայտնվեցին բախման շեմին, և լուրջ լարվածություն ստեղծվեց Իրան-Թուրքիա-Ադրբեջան կոնտեքստում:

«Սակայն այն կարճ տևեց, և կողմերը շուտ հասկացան միմյանց, իրավիճակը կարգավորվեց: Ավելի շատ հարցեր ներկայումս կան հայ-իրանական հարաբերություններում, թե ինչու չի հաջողվում հստակեցված շահերի պայմաններում առարկայորեն զարգացնել հարաբերությունները, իրացնել ներուժը: Բայց կարծում եմ՝ Իրան ու Հայաստանը առաջիկա մի մեծ փուլում հարաբերվելու են բազմակողմ ձևաչափում, որտեղ կքննարկվեն բազմակողմ ծրագրեր, և երկկողմ համագործակցությունը կզարգանա միայն դրա ազդեցությամբ: Երկկողմ հարաբերությունները գուցե երկրորդ պլան մղվեն:

Սա բավարարող չէ, իհարկե, բայց պատրանքներ չկան, որ այս իրավիճակում Հայաստանն ու Իրանը կարողանալու են հարաբերություններում ճեղքում գրանցել, քանի որ Իրանն է զբաղված բազմաթիվ հարցերով, Հայաստանը՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ, ուստի հայ-իրանական արդյունքները կլինեն բազմակողմ ձևաչափում»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս