«Ցավոք, մեծամասնության մոտ Ամանորն ավելի մեծ տոն է, քան Սուրբ Ծնունդը». Տեր Շմավոն

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանի հետ

– Տեր Հայր, վերջին տարիներին գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ Ամանորի գիշերը եկեղեցիներում կատարվում է Նռան օրհնության կարգ: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռն ի՞նչ է խորհրդանշում:

– Այդ ավանդույթը շատ շուտվանից կար, պարզապես այն գործում էր ավելի շուտ վանքերում: Խորհրդային ժամանակաշրջանում դժվար պետք է լիներ եկեղեցին ժամը 12-ին կամ դրանից առաջ բացել, որպեսզի հավատացյալները գան, բայց ես ուսանող ժամանակ էլ հիշում եմ, որ միշտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվում էին ժամը 12-ին՝ գոհաբանական աղոթքի, որով փառք են տալիս Աստծուն նախորդ տարվա համար, և աղոթքներ են հղում գալիք տարվա համար՝ խաղաղության, բարօրության, մարդկային կյանքի փրկության, հոգիների հանգստության համար:

Վերջին տարիներին Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ այդ օրը մենք օրհնում ենք նուռը, որն ինքնին տարվա խորհրդանիշն է: Մի անգամ մի մարդ ասաց, որ, երբ նուռը գցում ես գետնին, հատիկները ցրիվ են գալիս, և ասում է՝ հային էլ կյանքը հարվածում է, և նռան հատիկի նման մեկը մոտ է գնում, մյուսը՝ հեռու: Նման է հայի կյանքին և հայ մարդուն նուռը:

Զուտ խորհրդաբանորեն այն նշանակում է անցնող տարվա և գալիք տարվա խորհուրդը: Նուռն իր մեջ ունի նաև միասնականության խորհուրդը, որ բոլոր հատիկները հավաքված՝ մեկ պաշտպանության ներքո՝ կեղևի ներքո, և այս ամենում պետք է հասկանալ հետևյալը, որ համայն հայությունը պետք է հավաքվի իր Մայր եկեղեցու պաշտպանիչ կեղևի ներքո:

– Ո՞ր ժամից է սկսվում դեկտեմբերի 31-ին եկեղեցում կատարվող արարողությունը, և արդյո՞ք բոլոր եկեղեցիներն են բաց լինում Ամանորի գիշերը:

– Ուղիղ 12-ին հնչում են եկեղեցու զանգերը և սկսվում է գոհաբանական աղոթքը: Բոլոր եկեղեցիները բաց են այդ ժամին: Եթե հոգևորական կա եկեղեցում, եկեղեցին գործող է, ուրեմն՝ բաց պետք է լինի:

– Արդյո՞ք տարեցտարի ավելանում է Ամանորը եկեղեցում դիմավորող հավատացյալների քանակը:

– Միանշանա՛կ: Մոտ 10 տարի առաջ, երբ Ամանորի նախօրեին ելույթ ունեցա և ասացի, որ գիտեք՝ նման ավանդույթ կա, պատասխանեցին՝ չէ, չգիտեինք, ասացի՝ հիմա իմացաք, եկեք, ես ձեզ սպասում եմ եկեղեցում: Այդ մարդն ասաց՝ եթե դուրս չգա, էլ երբեք չեմ գա:

Երբ եկավ, ավարտվեց և վերջում դռան մոտ հրաժեշտ էինք տալիս հավատացյալներին, ասաց՝ փաստորեն, ես սրանից առաջ 30 տարի շատ սխալ էի դիմավորում Ամանորը: Այսօր մեզանում ձևավորվել է ենթամշակույթ, որ Ամանորը պարտադիր պետք է լի լինի զանազան ուտեստներով, և չգիտես՝ որտեղից ծագեց ավանդական հայկական բուդ հասկացողությունը:

Եթե ավանդական, նշանակում է՝ շատ ավելի խորքերից, եթե շատ ավելի խորքերից, ապա գոնե մինչև հեղափոխությունը նման բան չի եղել, որովհետև մշտապես Ամանորը ընկել է Սուրբ ծննդյան պահքի օրերի մեջ, որը սկսվում է դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան:

Ընդհանրապես, մսային կերակուրներ չեն դրվել սեղանին, որովհետև ամանորյա թոհուբոհը կապված է եղել Սուրբ Ծնունդի հետ: Բայց խորհրդային ժամանակաշրջանում պետք էր հակադրող տոն լիներ, որը մոռացնել կտար մարդկանց Սուրբ ծնունդը, և, բնականաբար, սկսեցին այդ ամենն իրագործել. Սուրբ ծննդյան հրաշքը վերագրվեց Ամանորին, կյանքի բեկումնային փուլը մարդկանց մոտ նույնպես վերագրվեց Ամանորին: Սուրբ ծննդյան ծառը՝ տոնածառը՝ իր բեթղեհեմյան աստղով, փոխարինվեց ամանորյա ծառով, և այդ ծառի գագաթը սկսեց զարդարել Խորհրդային իշխանության խորհրդանիշ աստղը:

Նույն Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի տիպարը՝ Կաղանդ պապը կամ Սանտա Կլաուսը, փոխարինվեց Ձմեռ պապով: Այսինքն՝ խորհրդային ժամանակաշրջանում կարողացան մարդկանց մոտ փոխել հոգեբանությունը և մոտեցումը, և այսօր, ցավոք, մեծամասնության մոտ Ամանորը ավելի մեծ տոն է, քան Սուրբ Ծնունդը: Բայց տարեցտարի մարդկանց մոտ ավելանում է այդ տենդենցը՝ հասկանալով, որ Ամանորը պարզապես օրացուցային մի օր է, որը փոխվում է: Նոր տարին ոչինչ չի բերում, այն օրացույց է, եթե ինչ-որ բան պետք է խնդրենք, ակնկալենք, ապա միայն Սուրբ Ծնունդից և Աստծուց:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս