Չինաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել 2021 թվականին տիեզերական արձակումների թվով
Չինաստանը դեկտեմբերի 30-ին «Չանչժեն-3Վ» կրող հրթիռի հաջող արձակում է կատարել եւ տիեզերական արձակումների թվաքանակով նոր ազգային ռեկորդ սահմանել մեկ տարվա ընթացքում. դրանց թիվը 2021 թվականին հասել է 55-ի: Այդ մասին ասվում է Տիեզերական գիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:
«Չինաստանն ամբողջ տարվա ընթացքում իրականացրել է 55 տիեզերական արձակում՝ (այդ ցուցանիշով) առաջին տեղն զբաղեցնելով աշխարհում»,-ասվում է CASC-ի հաղորդագրության մեջ:
Մեկ տարվա ընթացքում տիեզերական արձակումների թվաքանակով իր սեփական ռեկորդը Չինաստանը գերազանցել է դեռ հոկտեմբերի վերջին՝ կատարելով թվով 40-րդ արձակումը: 39 մեկնարկներից բաղկացած նախորդ ռեկորդը գրանցվել է 2018 թվականին եւ կրկնվել 2020 թվականին:
Մինչդեռ, մեկ տարվա ընթացքում տիեզերական արձակումների թվաքանակով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային Միությունն է՝ 1982 թվականին կատարելով 108 արձակում, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 1966 թվականին՝ 77 մեկնարկ: Դեկտեմբերի 30-ին Չինաստանը կատարել է այս տարվա վերջին տիեզերական արձակումը՝ հաջողությամբ ուղեծիր դուրս բերելով «Շիյան-9» կապի փորձարարական արբանյակը, որը երկրի հարավարեւմտյան Սիչուանի նահանգում գտնվող Սիչանի տիեզերակայանից իրականացվել է «Չանչժեն-3Վ» կրող հրթիռի օգնությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: