Չավուշօղլուն՝ Ստամբուլ-Երևան չվերթերի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կբացվեն Ստամբուլի և Երևանի միջև չվերթները:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից որոշները օրեր առաջ ամենակարևոր լուրերի ցանկում էին ընդգրկել «Երևանից Ստամբուլ՝ Փաշինյանի գործընկերոջ ինքնաթիռով» հրապարակումը՝ տեղեկացնելով, որ Flyone Armenia ավիաընկերությունը կդառնա առաջին ավիաընկերությունը, որը 2015 թվականից հետո կիրականացնի Ստամբուլ-Երևան չվերթեր։

Նշենք, որ օրեր առաջ դեպի Ստամբուլ ուղղության մասին նորաբաց «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը տեղեկացրել էր, որ հայկական «FLYONE ARMENIA» ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական։ «Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիս, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով»,- տեղեկացրել էր ընկերությունը:

Իսկ ավելի վաղ մամուլն անդրադարձել էր այս ընկերության հետ իշխանամերձ գործարար, ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կապին՝ տեղեկացնելով, որ «Ֆլայուան Արմենիան» հայ-մոլդովական նախագիծ է. ընկերության 54 %-ը պատկանում է հայկական կողմին՝ գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, սակայն թղթի վրա հանդես են գալիս Սուքիասյաններին փոխկապակցված անձինք, իսկ մնացած 46 %-ի տերը մոլդովական «Fly One» ավիաընկերությունն է:

Տեսանյութեր

Լրահոս