Քանի՞ փուլով է Անկարան պատրաստվում Երևանի հետ կարգավորմանը, ո՞վ է Անկարայի բանակցողը, և ի՞նչ է ակնկալում բանակցություններից պոլսահայությունը

Հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի անունը հայտնի է: Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակելու Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան և փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն վերջերս ԱՄԷ կատարած այցի ընթացքում:

Սերդար Քըլըչը ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 63-ամյա Քըլըչը 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատել, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, հիմնականում՝ ՆԱՏՕ-ի ուղղվածությամբ: 2006-2008 թվականներին նախարարության ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնական է եղել, 2008-2010 թվականներին Բեյրութում Թուրքիայի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014՝ թվականներին Տոկիոյում, 2014-2021՝ թվականներին Վաշինգտոնում Անկարայի դեսպանը: Քըլըչը Թուրքիայի ամենափորձառու դիվանագետներից է:

Հայտնի է նաև, որ Քըլըչը բավականին սերտ կապեր ու հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ, ինչը, թերևս, տարօրինակ չէ, քանի որ ԱՄԷ-ում տված ճեպազրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր հարցի շուրջ Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ, և որևէ մեկը հարցականի տակ չպետք է դնի այն հանգամանքը, որ Թուրքիան կարող է գործել անկախ կամ Ադրբեջանից առանձին: «Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- ընդգծել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն առաջին անգամ հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը և հաստատել՝ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի: Սակայն Երևանը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու Հայաստանի բանագնացն Անկարայում:

168.am-ի հետ զրույցում Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ այս լուրից, ամենայն հավանականությամբ, պետք է ուրախ լինի թրքահայությունը:

«Հայաստանում Թուրքիայի դեսպանի, ինչպես նաև Թուրքիայում ՀՀ դեսպանի գոյությունը կարող է դրական քայլ դիտարկվել պոլսահայության կողմից, բայց, անշուշտ, այստեղ կարևոր քաղաքական հանգրվաններ կան: Գիտեք, որ Թուրքիան և Ադրբեջանն այդ մերձեցումները կապում են նախապայմանների հետ: Առանց նախապայմանների, եթե դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն, մենք ուրախությամբ կդիտարկենք, եթե նախապայմաններով, ապա դա խնդրահարույց է: Եթե կան նախապայմաններ, ու դրանք Հայաստանի համար անընդունելի են, այս ուղղությամբ դժվար թե առաջընթաց արձանագրվի, օրինակ՝ միջանցքի հարցը, անշուշտ, խոչընդոտ է ստեղծում»,- նման կարծիք հայտնեց Էստուկյանը:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, ապա Բագրատ Էստուկյանն ասաց, որ Ցեղասպանության հարցը մեր պատմական իրողությունն է, ոչ մի հայ այդ իրողությունը չի կարող ուրանալ: Բայց, նրա խոսքով, բոլոր հարաբերությունները կապել Ցեղասպանության խնդրին՝ նշանակում է՝ չունենալ հարաբերություն, հետևաբար՝ պետք է ավելի դիվանագիտական մոտեցում ունենալ:

«Սխալ կլինի ամեն ինչ կապել Ցեղասպանության ճանաչման հետ: Այդ պայմանը՝ ճանաչման, սխալ կհամարեմ»,- ասաց Էստուկյանը:

Հարցին, թե ընդհանրապես ի՞նչ կարելի է ակնկալել այս բանակցություններից, Բագրատ Էստուկյանը պատասխանեց, որ ամենաշատը պետք է ակնկալել բնականոնացում։ Ըստ նրա՝ այս բառով պետք է բնութագրել, որովհետև ներկայիս իրավիճակը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, սահմանների փակ լինելը, Թուրքիայի կողմից Հայաստանին շրջափակման մեջ պահելն անբնական երևույթներ են:

«Ստիպված ենք այս երևույթները բնականի վերածել, սա չի նշանակում բարեկամություն, բայց գոնե հարևան երկրին վայել հարաբերություն, Թուրքիան և Հունաստանը ևս բարեկամ չեն վերջապես, Թուրքիան իր սահմանամերձ բոլոր երկրների հետ խնդիր ունեցող պետություն է, բայց բոլորի հետ ունի հարաբերություններ, հետևաբար՝ Հայաստանի հետ ևս կարող է ունենալ:

Ուժի լեզվով չի կարելի խոսել, այդ դեպքում առաջընթաց պետք չէ արձանագրել, այդ լեզուն կիրառվում է: Ուժի լեզուն իր հետևանքը տվեց, պատերազմ եղավ, 44 օրվա ավարտին Հայաստանը պարտվեց ուժի լեզվի դեմ, այդ ուժի լեզուն պետք է վերջանա, այլևս Հայաստանին սպառնալիքներն ուղղելը արդյունք չպետք է տա Թուրքիային, բայց որքանո՞վ այս իրողությունը կհասկանան Թուրքիայի քաղաքական գործիչները, սա խնդիր է: Այսօրվա կառավարությունից մեծ ակնկալություններ չունեմ, բայց Հայաստանից ունեմ ակնկալություններ, որ այլևս ուժի լեզվով խոսողի հետ ստիպված չէ արդեն խոսել, այսինքն՝ որևէ պարտադրանքի ստիպված չէ ենթարկվել: Գուցե Թուրքիայում որոշեն ռազմավարություն փոխել, որովհետև այս վիճակն իրենց ևս ձեռնտու չէ»,- նման կարծիք հայտնեց Բագրատ Էստուկյանը:

Նշենք նաև, որ թուրքական Habertürk-ի վերլուծաբան Չետիներ Չետինը գրում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Անկարայում աշխատանքային խումբ, քարտուղարություն կձևավորվի մինչև 2022 թվականի հունվարի 20-ը։

Երկու կողմից էլ կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։

«Մինչև 2022 թվականի մայիս հարաբերություններն առողջ դարձնելու համար կմշակվի եռաստիճան ճանապարհային քարտեզ»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ այդ աշխատանքային խումբն ու քարտուղարությունը 2022 թվականի հունվարի 15-ից կաշխատեն անձամբ Փաշինյանի հետ:

Հոդվածագրի ակնարկով, Երևանը կփորձի Թուրքիայի հետ կապեր ունեցող անձանցից ներկայացուցիչ ընտրել և աշխատանքային խումբ ստեղծել, դիվանագիտական ​​հարաբերություններ կառուցել պատմականից դուրս՝ փոխադարձ շահերից ելնելով։

Նշվում է նաև, որ հատուկ ներկայացուցիչները կհայտարարվեն երկու կողմերի միջև կոնսենսուսի հասնելուց հետո: Հոդվածագրի համաձայն, առաջինը կսկսվեն չարտերային թռիչքները, կարևոր օրակարգ կլինի նաև Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի բացումը, իսկ երրորդ փուլում տնտեսական հարաբերությունների զարգացում՝ հուլիս ամսից: Այսինքն՝ մինչ ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել կուլիսային շփումներ, որոնց ընթացքում հաստատվել է մոտավոր ճանապարհային քարտեզը:

Հիշեցնենք, որ դեռևս ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել էր, թե Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս