«Շուշիում մեր կյանքն ենք թողել»․ շուշեցի 6 ընտանիք ապրում են Ստեփանակերտի հյուրատներից մեկում
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներում կհանդիպեք 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու օկուպացրած տարածքներից տեղահանված արցախցիների։ Նրանք հիմնականում ապաստան են գտել հյուրատներում, որոշներն էլ՝ վարձակալած բնակարաններում։
Ստեփանակերտի Թումանյան փողոցի լքված հյուրատներից մեկում բնակվում են շուշեցի՝ 6, ևս մեկ ընտանիք էլ՝ Քարին տակից։
Մուտքի դռան մոտ մեզ դիմավորեց միջին տարիքի մի կին՝ Շուշիից Լաուրա Հովսեփյանը.
«Սա հյուրանոցի նման մի բան է, ապրում ենք, մինչև կացարաններ կհատկացնեն։ Բոլորս էլ Շուշիից ենք, այնպես է ստացվել, որ այստեղ հավաքվածներս Շուշիում հարևաններ էինք․․․ Պատահաբար է ստացվել, որ եկել ենք այստեղ ու նորից հարևաններով հավաքվել ենք, հումորով ասում ենք՝ ուր գնում ենք, իրարից փախնել չկա․․․»։
Շուտով կլրանա 1 տարի, ինչ այս հյուրատանն են բնակվում՝ պատմեց տիկին Լաուրան, 2021 թվականի հունվարից: Իսկ մինչև այստեղ տեղափոխվելը՝ մի քանի ամիս Հայաստանում էին օթևանել․
«Մի քիչ մնացինք Էջմիածնում, բարեկամների, ծանոթների տանը։ Առիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնեմ Հայաստանի բնակիչներին, որ մեզ լավ ընդունեցին, սփոփեցին, որովհետև շատ ծանր էր, մենք շատ ագրեսիվ էինք, մեր նյարդերը քայքայված էին, մեզ հետ շատ դժվար էր, քանի որ իրենց ամեն խոսքից ազդվում էինք, ինձ որ 2 անգամ ասում էին՝ հաց կեր, լացում էի, ասում էին՝ հաց կեր, ասում էի՝ չէ, որ նորից էին ասում, լացում էի, կարծում էի, թե որբ եմ, տուն չունեմ, տեղ չունեմ, ուզում են ինձ անպայման կերակրել․․․»։
Իսկ ի՞նչ եք թողել Շուշիում, կարճ դադարից հետո խորը հոգոց քաշեց տիկին Լաուրան ու դժվարությամբ պատասխանեց հարցին․
«Մեր կյանքն ենք թողել․․․ Էդպես որ ասում են՝ նյութական, տուն-տեղ, դրանք, հա, հասկանալի է, դրանք առնովի բաներ են, դրանք ստեղծելու բաներ են, բայց էն կյանքը մենք չենք կարող, էն հուշերը, մեր ամեն ինչը թողեցինք։ Մենք դեռ ուշքի չենք եկել, չենք հասկանում, որ թողել ենք, խոսքով ասում եմ՝ թողել ենք, բայց ո՞նց ենք թողել, ի՞նչ ենք թողել, էս ի՞նչ ստացվեց, ինչո՞ւ եղավ․ մենք դեռ ուշքի չենք գալիս ու երևի ուշքի չենք էլ գա։ Սա ուրիշ մի բան է, տա Աստված՝ ոչ մեկը չզգա․․․»։
Ադրբեջանցիները, հատկապես, երբ նոր էին գրավել Շուշին, տարբեր տեսանյութեր էին տարածում պահպանված տներից, արդյոք տեսե՞լ են այդ տեսանյութերում Շուշիի իրենց տունը: Նրանց հրապարակած կադրերը չեմ նայում՝ կտրուկ պատասխանեց տիկին Լաուրան ու հետո բացատրեց.
«Որ նայեմ, ցավ կառաջանա իմ մեջ, ոչ թե ցավ է առաջանում, որ թողել եկել ենք, ու հիմա այնտեղ ադրբեջանցիներն են, այլ ցավ է առաջանում, որ մարդիկ կարողանում են հոխորտալ, ուրախանալ, ասել՝ սա մերն է։ Մտածում եմ, թե երբ կգա այդ օրը, որ մարդը մարդ կդառնա, ու կոտորած չի լինի»։
Շուշեցի տիկնոջը խնդրեցինք ցույց տալ Ստեփանակերտի հյուրատան իրենց կացարանը, բայց նա չցանկացավ, որպեսզի իրենց տրամադրված սենյակը տեսանկարահանվի, ասաց՝ պայմաններն այնքան էլ լավը չեն, եթե իմանար, որ այստեղ երկար է ապրելու, հարմարություններ կստեղծեր: Բայց հետո նեղ միջանցքով մեզ առաջնորդեց շուշեցի մյուս ընտանիքների մոտ։
Միջանցքում հանդիպեցինք տարեց կանանց, նրանցից Էվելինա Բաղյանն ասաց, որ Շուշիում է անցել իր մանկությունը, այնտեղ է դպրոց հաճախել, ամուսնացել էր Ստեփանակերտում, սակայն կրկին վերադարձել էին Շուշի․
«Ամուսնանալուց հետո նորից գնացինք Շուշի ու 20 տարի այնտեղ ապրեցինք․․․ Շուշիից դուրս ենք եկել հոկտեմբերի կեսերին, իսկ ամուսինս՝ նոյեմբերի 5-ին, համարյա վերջին օրերը, կապիտուլյացիայի, հանձնման վերջին օրերին այնտեղ ենք եղել․․․ Տուն-տեղ, ամեն ինչ թողել եկել ենք, էդ տուն-տեղը ոչինչ, մի կերպ հաղթահարում ենք, միայն թե այսքան երիտասարդները, որ զոհվել են, դա է մեր ցավը, մեր դարդը։ 73 տարեկան եմ, այս տարիքում նորից փախստական դառնալը շատ վատ բան է, ինչ շուշեցու էլ որ խոսեցնեք՝ էս նույն ցավով, էս նույն դարդով տառապող մարդիկ են․․․»։
Դիտարկմանը, որ ադրբեջանցիներն այսօր եկել են և ասում են, թե Շուշին իրենցն է, տիկին Էվելինան ասաց, որ միայն ասելով չէ, պատմականորեն Շուշին մերն է․
«Մեր բոլոր գրողներն իրենց ստեղծագործություններում Արցախի, Շուշիի մասին գրել են։ Րաֆֆին իր «Խամսայի մելիքություններ»-ում էլ միշտ գրել է, որ Արցախը հայկական հող է, դա նաև հաստատում են մեր բոլոր եկեղեցիները, մեր բոլոր խաչքարերը, մեր բոլոր գերեզմանները, 1600-1700 թվականներից ի վեր եղել են․․․»։
Տիկին Էվելինան ասաց՝ ապագայի վերաբերյալ լավատես են տրամադրված, միայն թե նորից պատերազմ չլինի։
Շուշիից էր նաև 63 տարեկան Սվետա Սարգսյանը, նա էլ պատմեց, որ 4 օր ապաստարանում մնալուց հետո Շուշիից դուրս եկան՝ հույսով, որ մի քանի օրից վերադառնալու են․
«Ընդամենը մի հատ անձնագիր ենք վերցրել, էն էլ ասեցինք՝ կարող է ճանապարհին ստուգեն, էլի․․․ Մենք չգիտենք, թե ինչի էսպես եղավ, մինչև հիմա էլ չենք կարողանում հարմարվենք, որ Շուշին չկա։ Ես Բաքվից 1989 թվականին թողել, եկել էի Շուշի, նորից տուն դրել, հիմա մեր կյանքի սաղ դրածը զրոյացել է, սրանից հետո ի՞նչ պետք է անենք․․․»։
Հյուրատնից դուրս գալուց հանդիպեցինք տարեց մի տղամարդու, պարզվեց՝ նա ևս Շուշիից էր, կնոջ և 2 հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների հետ կողքի հյուրատանն էր ապաստան գտել։
«Բնիկ ղարաբաղցի եմ, ծնվել եմ Մարտունու շրջանում, 8-րդ դասարանը վերջացնելուց հետո գնացի Բաքու։ 1988 թվի շարժման ժամանակ տեղափոխվեցի Շուշի, նորից ապրուստ ստեղծեցի, ու նորից դուրս եկանք։ Աղջիկս ու տղաս, էն առաջվա կռիվների ժամանակ, երբ տանը մարդ չի եղել, թուրքերը երեխեքիս վախեցրել են, հիվանդացել են ու մինչև օրս էլ այդպես մնում են․․․»,- ասաց 74-ամյա Վալերիկ Փարամազյանը:
Իսկ ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, որ Շուշին կրկին մերը լինի, տարեց տղամարդը պատասխանեց, թե հենց այդ հույսով էլ ապրում են․
«Շուշին ոնց որ նվեր են տվել թուրքերին, առանց կռվի Շուշին տվել են, մարդ մնում է շշմած․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում