Չեմ կարծում, որ որևէ հարցով Թուրքիան պատրաստ է Հայաստանին ընդառաջ քայլերի. Եվսեև
Նախօրեին հայտնի դարձավ, որ, այսպես կոչված, հայ-թուրքական կարգավորման գործընթաց է մեկնարկում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան կաշխատի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մենք փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում»,- ասաց Չավուշօղլուն խորհրդարանում ունեցած ելույթում՝ նշելով, որ Անկարան իր քայլերը համակարգում է Ադրբեջանի հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշեց Հունանյանը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը փորձեց պարզաբանել, թե ինչ կարելի է ակնկալել այդ բանակցություններից` հաշվի առնելով Թուրքիայի հետպատերազմյան բոլոր հայտարարությունները:
Վլադիմիր Եվսեևն արձանագրեց, որ քաղաքական բարի կամքի առկայության դեպքում Թուրքիան կարող էր շատ ավելի վաղ դրական քայլեր անել Հայաստանի ուղղությամբ` չսպասելով բանակցությունների: Սակայն, նրա կարծիքով, թուրքական քաղաքականությունը չափազանց բարդ ու խորամանկ է, միտված ստեղծված իրավիճակից առավելագույն տարածաշրջանային օգուտներն ու ազդեցությունը ստանալուն:
«Կարծում եմ՝ գուցե նման բանակցություններ չսկսվեին էլ, եթե այս պահին չլիներ այդ միջանցքի հարցը և Արևմուտքի համար ինչ-որ իմիջ ստեղծելու, քանի որ Արևմուտքը թուրքական կողմի հետ քննարկում է հայկական թեմատիկան, ավելին, Թուրքիան ներկայումս ներքին առումով բավականին բարդ վիճակում է: Ակնկալել, որ բովանդակային առումով հայկական կողմը սրանից օգուտներ է ստանալու, միամտություն է: Իսկ Թուրքիայի օգուտները պարզ են՝ պատմական ձգտումների իրականացում, ազդեցության ընդլայնում մինչև անգամ դեպի Միջին Ասիա, որի ճանապարհին Հայաստանը փոքր խաղացող է:
Ի՞նչ պետք է Էրդողանը բանակցի Հայաստանի հետ, Թուրքիան այսօր մեծ խնդիրներ է ստեղծում իր հարևան և ոչ հարևան բոլոր երկրների համար, բացի Ադրբեջանից: Չեմ կարծում, որ որևէ հարցով Թուրքիան պատրաստ է Հայաստանին ընդառաջ քայլերի: Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել, որպեսզի տարածաշրջանային համագործակցությունը հնարավոր լինի հաստատել, քանի որ, եթե դա տեղի չունենա, եռակողմ փաստաթղթերը կիմաստազրկվեն: Կարծում եմ՝ բազմակողմ ձևաչափում խոսակցությունն ավելի նպատակահարմար կարող էր լինել, քան այն, ինչ ներկայումս է արվում, բազմակողմին գումարվում է նաև առանձին հայ-թուրքական գործընթացը, որը չափազանց անորոշ ապագա ունի, ինչ է ցանկանում այս ամենից ստանալ հայկական կողմը՝ հասկանալի չէ ինձ համար»,- ասաց նա: