«Նորմա՞լ եք համարում գցվել այն պետության գիրկը կամ ոտքերը, որն ուզում է ձեզ ոչնչացնել». Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Հայաստանն ու Արցախը միջազգային իրավունքի դաշտում հանդիսանում էին սուբյեկտ, իսկ 44-օրյա պատերազմի ավարտից հետո վերածվել են օբյեկտի։
«Եթե Թուրքիան առանց նախապայմանների պատրաստ էր որևէ համաձայնության, այն ժամանակ, երբ մենք իբրև ժողովուրդ, իբրև պետականություն՝ ամուր էինք, ինչո՞ւ չէր գնում առանց նախապայմանների։ Հիմա, երբ փոխվել է իրավիճակը՝ օգտագործելով Հայաստանի իշխանության դավադիր վարքագիծը, ստեղծել է մի վիճակ, երբ իրենք իրենց ցանկություններն են բավարարում։ Նորմա՞լ եք համարում գցվել այն պետության գիրկը կամ ոտքերը, որն ուզում է ձեզ ոչնչացնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը՝անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, ինչն այսօր հաստատել էր նաև ՀՀ արտգործնախարությունը։
Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ՝ այսօր գոյություն ունեցող ընդհանուր իրավիճակը գնահատելու համար անհրաժեշտ է լիարժեք տեղեկատվություն ունենալ, այս պահին լսել են Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը, հայկական կողմից, բացի ԱԳՆ խոսնակի արձագանքից որևէ այլ բան չկա, ինչը վկայում է, որ հայկական կողմը շարունակում է գտնվել թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ։
Միաժամանակ ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ Դաշնակցությունը կամ Հայ Դատի հանձնախումբը իրականացրել ու շարունակում են իրականացնել հայ ազգի իրավունքի պաշտպանությունը։
Ըստ նրա, վերջին օրերին նախկինում ձևավորված բավական բացասական միտումները, ինչն ազգային միասնականությունը քանդելու, ավերելու միտված գործողություն է՝ նորից գլուխ են բարձրացրել, և դրա շրջանակներում հաճախ լսում ենք ազգային նպատակներին հարված հասցնող հայտարարություններ։
«Հայ Դատի գրասենյակները կուսակցականացված չեն, դրանք ազգային նպատակներին ուղղված կառույցներ են։ Մենք մեր այդ պայքարը շարունակելու ենք, թե որքանով կհաջողվի՝ կախված է յուրաքանչյուր մարդուց»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում