Ինչո՞ւ չեն հանձնում

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։ Պաշտոնից հրաժարվել հրաժարվում է ոչ միայն Ալեն Սիմոնյանը, այլ նաև իշխանությունը՝ հավաքականորեն։ Իշխանության բոլոր ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, որ Սիմոնյանը որևէ պարագայում հրաժարական չի ներկայացնելու, կամ որ նույնն է՝ ասում են, որ իրենք չեն հանձնելու Ալենին։

Արցախի 70 տոկոսը՝ Ադրբեջանին, իսկ հազարավոր հայորդիների հողին հանձնած իշխանությունն այսպիսով անառիկորեն պահպանում է իր անդամներից մեկին, որը Հայաստանի՝ քիչ թե շատ նորմալ երկիր լինելու պարագային, միայն վերջին մեկ շաբաթում թույլ տված արտաքին քաղաքական ու ներքաղաքական, այդ թվում՝ արժեքային ու բարոյական սկանդալների պատճառով հեռացած կլիներ ոչ միայն զբաղեցրած պաշտոնից, այլ նաև քաղաքականությունից ընդհանրապես։

Խնդիրը, սակայն, ու, բնականաբար, Ալեն Սիմոնյանի անձը չէ, որովհետև իրականության մեջ նա հանդես է գալիս ոչ թե որպես ինքնուրույն քաղաքական գործիչ կամ անհատականություն, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական տեղապահն է։ Ալեն Սիմոնյանի փոխարեն այդ պաշտոնում կարող էր լինել Զարզանդ Դամքաշյանը, դրանից ոչ նրա գործունեությունը կփոխվեր, ոչ էլ պատասխանատվության աստիճանը։

Չհանձնելով Ալեն Սիմոնյանին, նրա թիմակիցներն իրականում չեն հանձնում Նիկոլ Փաշինյանին, քանի որ, եթե Ալենը բովանդակորեն Նիկոլ է առանց մորուսի, ապա նրա հանձնումը կնշանակի վերջինիս կապիտուլյացիա։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է կապիտուլյացիաներից հատկապես արտաքինը, նա ներքաղաքական կյանքում իր դիրքերը պահում է այնքան անհանձնում, որ եթե նույնպիսին լիներ Արցախի հարցում նրա մոտեցումը, հիմա մենք կապրեինք այլ իրականությունում։

Այսպիսով, խորհդարանական ընդդիմությունը մտել է գործընթացի մեջ, որի ելքն ի սկզբանե հայտնի է և մեծ հաշվով ծառայում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա աշխարհին ցույց է տալիս, թե այնքան ժողովրդավար է, որ ընդդիմությունը բոլոր ընթացակարգերով պահանջում է խորհրդարանի խոսնակի հրաժարականը, ինքն էլ բոլոր ընթացակարգերով մերժում է այն։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ անձի իշխանություն է, և դրանում որևէ փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն այդ մեկ անձի փոփոխության դեպքում։

Բայց խորհրդարանական ընդդիմության քայլն իր մեջ ծուղակ է պարունակում նույն ընդդիմության համար։

Որովհետև Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջ ներկայացնողները չեն ասում, թե որն է լինելու իրենց պատասխան քայլը, եթե նա, այդուհանդերձ, չի ցանկանում հրաժարվել իր նոր ծառայողական մեքենայից։ Նման քայլ կարող է լինել, օրինակ, պատգամավորական մանդատներից հրաժարումը, ինչը, սակայն, գործող խորհրդարանական ընդդիմության ծրագրերի մեջ կարծես թե չի մտնում։

Իսկ եթե դա առնվազն այս պահին որպես քայլ չի դիտարկվում, ստացվում է, որ Ալեն Սիմոնյանին հրաժարականի պահանջ ներկայացնելը ծառայում է տարադեմ ուսապարկերի կողմից՝ Ալենին, իմա՝ Նիկոլ Փաշինյանին հերթական հավատարմության երդում հայտնելու ծեսին, որը Հայաստանի խնդիրներին ու մարտահրավերներին աղերսվում է այնքանով, որքանով Ալեն Սիմոնյանը՝ բարոյականությանն ու քաղաքականությանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս