Մենք վարորդների շատ մեծ պահանջ ունենք՝ հասկանո՞ւմ եք, մասնագետ չկա. Փոխադրողների միության նախագահ
Դեկտեմբերի 13-ի առավոտվանից վարորդների բոյկոտի պատճառով հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։
«Ասում են, որ 260.000 դրամ աշխատավարձ պետք է ստանանք 14 օրվա համար: Հիմա, եթե բախտ է վիճակվում, 22 օր թողնում են աշխատես՝ ստանում եմ 120.000 դրամ: Օրական էլ մի 7000-8000 դնում եմ ջեբս, գնում եմ տուն: Նորմալ աշխատավարձ թող տան, իմ պատկերացմամբ՝ 350.000 դրամ, որովհետև 1 կգ խոզի միսը 4000 դրամ է դարձել, իսկ շոֆերը, որ փլավ ուտի՝ չի կարող ավտո քշել: Ես կեղտոտով 350.000 դրամ աշխատավարձ եմ ստացել, էսօր իմ բյուջեն իջել է 260.000 դրամի: Վարորդներն են լուծում նաև ավտոբուսների հետ կապված տեխնիկական խնդիրները: Բողոքի ակցիան անում ենք ժողովրդի համար, որ գան, նստեն ավտոբուս՝ հոնքերներս կախած չլինի»,- բողոքի ակցիայի ժամանակ ասել էր վարորդներից մեկը:
«Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260․000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։
«Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- գրել է Կարապետյանը։
Ավելի ուշ բողոքի ակցիային մասնակցող վարորդները հայտարարեցին, որ իրենց պահանջների 99 տոկոսը լուծվել է: «Կասկոյի հարցն էլ ա լուծվել, բոլոր հարցերն էլ լուծվել են, եթե գնում ենք աշխատանքի, ուրեմն բոլոր հարցերին լուծում է տրվել։ Աշխատավարձը բարձրացել ա, ճանապարհներն ազատ են լինելու, առաջին շարքը բաց ա լինելու, որ ավտոբուսն ազատ կանգնի կանգնառում, զուգարանների հարցը լուծվելու ա, վարորդի վրա մուննաթ չեն գալու՝ ստեղ կպահես։ Աշխատավարձը դառնալու է այնքան, որ մեզ բավարարելու է»,- նշեցին նրանք:
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ քանի դեռ «վերևները չեն կարողանում ղեկավարել ներքևներին», սա շարունակվելու է:
Նրա փոխանցմամբ՝ այլ վարորդների չեն կարող վերցնել աշխատանքի, քանի որ նման մարդիկ չկան:
«Մենք վարորդների շատ մեծ պահանջ ունենք: Հասկանո՞ւմ եք, մասնագետ չկա: Մարդ պետք է լինի, որ կարողանա նրանց լեզվով խոսել: Այդպիսիները չկան: Մարդիկ ասում են՝ ես իմ ընտանիքը չեմ կարողանում պահել, կա՛մ իմ ընտանիքի բարեկեցությունը մինիմալ կապահովեմ, կա՛մ չեմ աշխատի: Պետք է մարդկանց հետ հավասարը հավասարի պես խոսեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Փոխադրողների միության նախագահը:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Հրանտ Եղիազարյանը հայտնել էր, որ այս պահին տարբեր ընկերություններ տարբեր չափով են գումար վճարում վարորդներին:
«Ամեն ամիս մոտավորապես 200.000 դրամ մնում է վարորդներին»,- ասել էր նա:
Փոխադրողների միության նախագահը շեշտել էր, որ այստեղ կարևոր է, թե ինչքան աշխատավարձ են ստանալու վարորդները, որովհետև հակառակ դեպքում նաև վարորդների խնդիր կլինի: