«Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է դադարեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ատելության քարոզի տարածումը էթնիկ հայերի նկատմամբ». Եղիշե Կիրակոսյան

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա մեր հայցադիմումին զուգահեռ՝ ներկայացվել էր նաև դիմում-պահանջ ՀՀ կողմից՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելու ժամանակավոր հրատապ միջոցներ մինչև գործի ըստ էության ավարտը, որի սահմաններում հոկտեմբերի 14-15-ին և 18-19-ին Հաագայի միջազգային դատարանում տեղի ունեցան լսումներ»,-ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ հրատապ միջոցներ կիրառելու մասին դեկտեմբերի 7-ի որոշմանը:

Ըստ նրա՝ դեկտեմբերի 7-ին դատարանն արձանագրեց կողմերի կողմից բավարարված և չբավարարված պահանջների վերաբերյալ իր որոշումները:
«Իհարկե, ընդհանրական առումով կարելի է ասել, որ ՀՀ-ի կողմից ներկայացված պահանջները բովանդակային առումով մեծ մասամբ բավարարված են: ՀՀ-ն բովանդակային առումով յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել էր առնվազն երկու պահանջ: Օրինակ, ռազմագերիների վերաբերյալ ներկայացվել էր նրանց վերադարձի կամ հայրենադարձման ապահովմանը, երկրորդը՝ մինչև հայրենադարձումը ապահովել ռասայական խտրականության վերաբերյալ կոնվենցիայի դրույթների խստիվ պահպանությունը»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ նույն կերպ երկու պահանջ ներկայացվել էր նաև հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ:

ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ դատարանին պահանջ էր ներկայացվել նաև այն բանի վերաբերյալ, որ Ադրբեջանը պարբերաբար զեկույցներ հրապարակի դատարանի որոշումների կատարման առնչությամբ:

«Հայաստանի պահանջների հիման վրա Դատարանը մի քանի շատ կարևոր արձանագրումներ արեց, որոնք, կարծում եմ, մենք բոլորս պետք է շատ լավ հասկանանք: Նախ՝ հայրենադարձման մասով Դատարանը թեև չհամարեց, որ այդ պահանջը բխում է ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի դրույթներից, այնուամենայնիվ, ընդգծեց, որ զինված ընդհարումների հետևանքով գերեվարված անձանց հայրենադարձման հարցերը կանոնակարգվում են մարդասիրական իրավունքի կոնտեքստում, այսինքն՝ հղում անելով Ժնևյան կոնվենցիաների վրա, որը, կարծում եմ, շատ կարևոր արձանագրում է միջազգային իրավական կոնտեքստում, որովհետև հայտնի փաստ է, որ մարդասիրական իրավունքով՝ կա պարտավորություն վերադարձնել գերեվարված անձանց»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանն այդ անձանց պահում է միայն էթնիկ հայկական ազգային պատկանելության համար:

Վերջինս նշեց, որ հենց այս հանգամանքը նկատի ունենալով՝ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել կոնվենցիայով ամրագրված բոլոր իրավունքները, ապահովել, որ մարդիկ չենթարկվեն անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

«Հետագայում գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի արձանագրում էլ արեց դատարանը: Խոսքը վերաբերում է էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի հրահրմանն ու տարածմանը: Դատարանն արձանագրեց, որ ատելության խոսքի կամ քարոզի տարածումից ազատ մնալու իրավունքն ինքնին ամրագրված է կոնվենցիայի 4-րդ հոդվածի տրամաբանության վրա, և դրա խախտումը կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ»,-ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ դատարանը հատկապես շեշտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պետական ինստիտուտների ներգրավմամբ ատելության քարոզի տարածման անթույլատրելիությունը, որը կարող է սպառնալ անձանց ֆիզիկական և հոգեկան անվտանգությանը:

Ըստ էության դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է դադարեցնել պաշտոնատար անձանց կողմից պետական ինստիտուտների ներգրավմամբ ատելության քարոզի տարածումը:

«Դատարանի կողմից նման արձանագրում անելու հիմքն այն է եղել, որ այնքան զորեղ են եղել Հայաստանի կողմից ներկայացված ապացույցները, որ Դատարանն ընդգծում է արել նաև պաշտոնատար անձանց մասով»,-ասաց Հաագայի դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:

Դատարանի հաջորդ արձանագրումը, ըստ Եղիշե Կիրակոսյանի, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների՝ վանդալիզմից ու ոչնչացումից զերծ պահելու մասին է:

«Դատարանը շատ հստակորեն արձանագրեց և Ադրբեջանին պարտավորեցրեց այս ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու համար Կոնվենցիայից բխող իր պարտավորությունների պատշաճ կատարումը: Սա նույնպես առանցքային նշանակություն ունի Հայաստանի ներկայացրած հայցի տեսանկյունից, որովհետև ՀՀ հայցի մեջ,բացի նրանից, որ Հայաստանը պնդում է՝ Ադրբեջանի կողմից իրականացվում է հետևողական հակահայկական, հայատյաց, ռասիստական քաղաքականություն ընդդեմ էթնիկ հայերի, որն ուղեկցվել է ամենաբարձրաստիճան անձանց, ներառյալ՝ երկրի նախագահի ատելության կոչերով, նշում է նաև, որ խոսքը գնում է մշակութային օբյեկտների ոչնչացման, կեղծման, դրանք որպես ոչ հայկական ներկայացնելու, տարածաշրջանում հայկական հետքը վերացնելու մասին»,-ասաց ՄԱԿ-ի դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:

Վերջինս կարևորեց, որ Դատարանի կայացրած միջանկյալ միջոցներն ունեն պարտադիր նշանակություն, և նշված է, որ Դատարանի որոշումները կողմերիհամար առաջացնում են միջազգային իրավական պարտավորություն:

Բացի դրանից, ըստ ընթացակարգի, այս որոշման մասին Դատարանն անմիջապես ծանուցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, քանի որ սա այն քաղաքական մարմինն է, որն ունի լիազորություններ դատարանի որոշումների կատարման վերաբերյալ վերահսկողություն սահմանելու:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ալեն Սիմոնյանի հայտարարությունները չեն խոչընդոտում գերիներին վերադարձնելու՝ իրենց կողմից տարվող աշխատանքներին, Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ իրավական հարթության մեջ գերիների վերադարձի վերաբերյալ աշխատանքներըայս պահին էլ չեն դադարում, և զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ՄԻԵԴ կոնտեքստում:

«Պարզ է, տարբեր մակարդակի հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ, բայց ամեն դեպքում մենք մեր աշխատանքներն իրականացնում ենք»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս