Ինչպես են եվրոպացի քրիստոնյա միսիոներները թալանում Հռիփսիմեի մասունքներն ու հասցնում Հնդկաստան

16-17-րդ դարերի ընթացքում Հայոց երկիրը շատ է վնասներ կրել հատկապես Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև տեղի ունեցող հակամարտություններից։ Այդ վնասները շատ ծանր են եղել հատկապես 1603-1618 թվականներին տեղի ունեցած պատերազմների ժամանակ։ Այդ շրջանում է, որ Շահ Աբասի կողմից մոտ 350 հազար հայեր բռնագաղթեցվում են Պարսկաստան։ Արդեն իսկ 1604 թվականին թալանվում է Էջմիածինը։ Էջմիածնի Մայր տաճարի շուրջ ստեղծված իրավիճակին առաջիկայում կանդրադառնանք։

Էջմիածնի թալանն ու ամայությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում շատերի համար: Հենց այդ շրջանում է, որ Էջմիածնում են հայտնվում Եվրոպայից Հայաստան ժամանած միսիոներները։ Թե ի՞նչ գործով էին նրանք իրականում ժամանել Էջմիածին, դա արդեն իսկ կտեսնենք առաջիկայում։ Հասկանալու համար՝ ի՞նչ վիճակում էին Էջմիածինն ու մնացյալ եկեղեցիները, կարդանք ստորև.

«Եթե շահ Աբասը ավարառել էր երկրի աշխարհիկ հարստությունները, ապա միսիոներները փորձում էին փախցնել մեր հոգևոր արժեքները` քրիստոնեական հավատքի սուրբ մասունքները։ Պատկերացնելու համար, թե հայոց բռնագաղթից հետո ինչ օրհասական վիճակում էին նրա սրբատեղիները, դիմենք դեպքերին ժամանակակից պատմիչ Առաքել Դավրիժեցուն, որը պատմում է մասունքների առևանգման այս ամոթալի պատմությունը. միսիոներ հայրերը «շատ ու քիչ շրջագայելուց հետո եկան Սուրբ աթոռ Էջմիածին և այնտեղ օթևան բռնելով, մնացին շատ օրեր։ Ըստ իրենց մարդագող հնարքների մտերիմ երևալով վանականների և գյուղացիների աչքին` նրանց առինքնել էին։ Հայրերն ամեն օր գնում-գալիս էին սուրբ կույսեր Գայանեի ու Հռիփսիմեի տաճարները։ Այս երեք տաճարներն էլ` թե՛ Էջմիածնի, թե՛ Գայանեի և թե՛ Հռիփսիմեի, ավերված, խախտված, խարխլված ու անշքացած էին…

Էջմիածնում միայն սակավաթիվ միաբաններ կային և այն էլ խիստ տգետ ու գռեհիկ։ Իսկ Գայանեի և Հռիփսիմեի վանքերը ամենևին անբնակ էին ու անպարիսպ։ Նաև եկեղեցիներն ու խորանները դռներ չունեին, իսկ արտաքին կողմից` ամբողջ տանիքը և որմնաերեսները քանդված էին, իսկ հիմքերը խարխլված ու խրամատված։ Ներսի կողմից բեմն ու եկեղեցու հատակը քանդքնդված էին ու ամբողջ եկեղեցին և խորանները անասունների աղբով լցված, որովհետև ամռան ու ձմռան օրերին անասունները` եզներն ու ոչխարները, մակաղում էին եկեղեցիների մեջ։ Գայանեի տաճարի տանիքն ամբողջովին նստել էր, միայն պատերն էին կանգուն և ուրիշ ոչինչ»։ (Հատվածը վերցված է Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1995 թվական, էջ 87):

Կարդալով Առաքել Դավրիժեցու ներկայացրած պատմական տեղեկությունները, տեսնում ենք, որ «բարենպաստ պայմաններ էին ստեղծվել» միսիոներների համար, որպեսզի կարողանան իրականացնել իրենց հիմնական ծրագիրը։ Եվ պետք է ընդգծել, որ ծրագրի իրականացումն անհնար կլիներ, եթե հերթական անգամ չգործեր հայ մարդու պատմական դավաճանական ձեռքը։ Արդյունքում՝ քրիստոնյա միսիոներներն անցնում են գործի.

«Միսիոներները երկիրն ու հայոց սրբատեղիները քանդուքարափ, անտերունչ տեսնելով, մոռանալով քրիստոնեական հավատքի պատվիրանները, քանդում են Հռիփսիմեի դամբարանը և… գողանում նրա մարմնի մնացորդները` սուրբ մասունքները։ Բարեբախտաբար, մի քանի հայեր այդ նկատելով` վրա են հասնում և արգելում, բայց, ինչպես Դավրիժեցին է վկայում, Մելիքսեթ կաթողիկոսը կաշառված լինելով, թույլատրում է, որ գերվեն սուրբ կույսի մասունքները։ Մի քանի եպիսկոպոսներ ըմբոստանալով, միսիոներներից ետ են խլում մասունքների մեծ մասը և վերաթաղում դամբարանում։ Մնացյալը միսիոներները տանում են Նախիջևանի Երնջակ գավառ, մյուս մասը` Սպահան, ուր հայերը մի շարք արկածներից հետո, շահ Աբասի միջամտությամբ, ետ են խլում։

Ի վերջո, տարիների թափառումներից հետո, Հռիփսիմեի մասունքներից մի փոքր կտոր հասնում է Հնդկաստանի Գոա նահանգ, որը 16-րդ դարից գտնվում էր պորտուգալացիների ձեռքին, և այնտեղ դրա վրա կառուցվում է եկեղեցի և կուսանոց։ Նշխարներից մի փոքրիկ կտոր էլ հանգրվանում է Նախիջևանին մոտիկ մի գյուղում, որտեղ կառուցվում է ս. Հռիփսիմե եկեղեցին»։ (Նույն տեղում` էջ 89-90):

Թերթելով Հայոց պատմության հերթական էջը, տեսնում ենք մեր ազգային դիմագծի բացասական կողմերը։ Այն, որ արտաքին ուժերն ու թշնամիները դարեր, հազարամյակներ շարունակ ցանկացել են վերացնել մեզ ու մեր երկիրը, դա բնավ զարմանալի չէ։ Նաև զարմանալի չէ այն փաստը, որ արտաքին թշնամին գործի է անցել այն ժամանակ, երբ մեր ներսում կարողացել է գտնել ներքին թշնամուն։ Այդ դեպքում միայն ծրագիրը կարողացել են կյանքի կոչել։ Այս փաստերն արձանագրված են գրքերում, պարզապես դա պետք է կարդալ և իմանալ։ Պատմությունը գրեթե միշտ կրկնվում է։ Հաղթում են նրանք, ովքեր կարողանում են գտնել անցյալի սխալները, հետևություններ անել և ճիշտ գործել:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս