Մենք երբեք չենք խուսափել բանակից՝ ինքներս ենք որոշել ծառայել Հայաստանի Հանրապետությունում. Ուժային ակրոբատ
Ուժային ակրոբատիկայի ժանրում հանդես եկող Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները հասարակության լայն զանգվածին հայտնի դարձան, երբ 2017 թվականին հաղթեցին Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում: Տղաների խոսքով՝ կրկեսում իրենց քչերն էին ճանաչում, իսկ մրցույթին մասնակցելուց հետո շատերն են նրանց մասին տեղեկացել: Ավելի հպարտ են, որ հայերն իրենց մասին իմացան:
168.am-ը Գևորգ Վարդանյանի հետ զրուցել է ուժային ակրոբատիկայի ժանրին, իր նախասիրություններին ու ապագա ծրագրերին վերաբերող թեմաների շուրջ:
– Գևորգ, դեպի կրկես ճանապարհը, կարելի է ասել, գծվել է ձեր հորեղբոր՝ Վարդան Վարդանյանի կողմից: 4 տարեկանից սկսել եք միասին պարապել: Երկուսդ էլ ցանկանո՞ւմ էիք պարապել, թե՞ համոզում էր: Ինչպե՞ս կարողացավ հորեղբայրը կրկեսի հանդեպ հետաքրքրություն առաջացնել ձեզ մոտ:
– Մեր հորեղբայրը շատ մեծ աշխատանք է տարել, որպեսզի կարողանա մեր մեջ սերմանել սեր դեպի կրկեսը և ուժային ակրոբատիկայի ժանրը: Հիշում եմ, որ փոքրուց մեզ հետ մանկավարժի աշխատանքներ էր տանում, ընկերական էր խոսում, ինչ-որ տեղ համոզում էր, այնպես էր անում, որ մեզ մոտ հետաքրքրություն առաջանա: Հետո, 5 և 6 տարեկան երբ դարձանք, արդեն ինքներս էինք պարապում, գիտեինք, թե ինչ վարժություն պետք է անենք, իսկ հորեղբայրը պարզապես նայում էր, ուղղում սխալները:
– 1999 թվականից արդեն համարներ եք ներկայացրել. ընդհանրապես վիճո՞ւմ էիք իրար հետ, թե ով այս կամ այն համարը լավ ցույց կտա, թե՞ ձեր ուժերը հավասար էին:
– Երբ սկսեցինք մեր համարները ցույց տալ՝ ամեն մեկն ուներ իր վարժությունները։ Իմը ներքևի աշխատանքն էր, Անդրանիկինը՝ վերևի։ Եթե տեղերով փոխվեինք` կզգացվեր տարբերությունը, դրա համար մենք երբեք չենք վիճել, և ամեն մեկն իր վարժություններն է արել։ Ասել է թե` ամեն մեկս իր տեղում ուժեղ է։
– Որոշ ժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ուզում եք Երևանում ուժային ակրոբատիկայի դպրոց ստեղծել. այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվո՞ւմ են:
– Ցանկությունը մեծ է` ապագայում ունենալ մի դպրոց, որտեղ կարող ենք մեր գիտելիքները, ունեցած կյանքի փորձը փոխանցել նոր սերունդներին։ Բայց այսօրվա դրությամբ, ինքներդ գիտեք, որ աշխարհում ամեն բան այնպես է փոխվել, որ մարդիկ վախենում են դուրս գալ։ Սակայն հուսով ենք, որ ապագայում կստացվի կյանքի կոչել ՀՀ-ում ակրոբատիկայի դպրոց բացելու գաղափարը։
– Դուք՝ ապրելով Մոսկվայում, նախընտրել եք Հայոց բանակում ծառայել: Շատ երիտասարդներ, անգամ նրանք, ովքեր այստեղ երկար տարիներ ապրել են, նոր մեկնել արտերկիր, խուսափում են բանակից, չեն ուզում ծառայել, ձեր դեպքում այդպես չի եղել. ինքնե՞րդ եք որոշում կայացրել գալ, եթե այո, ապա ինչո՞ւ:
– Մենք երբեք չենք խուսափել բանակից։ Ինքներս ենք որոշել ծառայել Հայաստանի Հանրապետությունում, որովհետև դա մեր պարտքն է։
– Հիմա որտե՞ղ եք աշխատում, մտածո՞ւմ եք նոր վարժությունների մասին, թե՞ հիմա եկել է աշակերտներ ունենալու ձեր հերթը:
– Հիմա աշխատում ենք ՌԴ-ում՝ «Росгосцирк»-ում, որը լավագույն կրկեսներից մեկն է համարվում։ Շրջագայում ենք տարբեր քաղաքներում:
Ի դեպ, 2022 թվականի հունվարին պատրաստվում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը` Բուդապեշտում, որը տեղի կունենա հունվարի 12-ին։ Դա մեծ փառատոն է, աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներ են լինելու։ Պատրաստել ենք նոր վարժություններ` նոր հարթակում։ Այդ փառատոնը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև ներկայացնելու ենք Հայաստանը։
– Հայաստանի Կառավարությունն առաջարկում է օրենքով արգելել վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Ի՞նչ կարծիք ունեք այս նախագծի մասին. ըստ ձեզ՝ կրկեսն առանց կենդանիների հնարավո՞ր է: Ի դեպ, կարծեմ կենդանասերները (PETA) 2019թ. քննադատել են նաև ձեզ: Մեղադրանքները շատ են տխրեցրել, քանի որ երբեք ձեր համարներում կենդանիներ չեք օգտագործել: Պարզապես աշխատել եք Սոչիի կրկեսում, որն էլ վատ համբավ է ունեցել կենդանիների հետ ելույթների պատճառով:
– Կենդանիների օգտագործումը Ռուսաստանի կրկեսում թույլատրվում է, ուղղակի տարբեր երկրներում տարբեր կարծիք ունեն այդ մասին։ Մենք վայրի կենդանիների հետ երբեք կապ չենք ունեցել, բայց Սոչիում որ աշխատում էինք, մեր նկարը աֆիշային էր, ու դա երբ տեսնում են` դե, մեր այդ կրկեսային խմբում աշխատում էին արջերով, ձիերով, վագրերով, կարծում են, թե մենք ենք այդպես աշխատում: Ուղղակի այդ նկարներն էլ են այնտեղ եղել, ու կարծել են, թե դրա հետ կապ ունենք։ Բայց մենք պարզապես աշխատել ենք մի հարթակում, որտեղ եղել են վայրի կենդանիներ։ Իհարկե, շատ տխրեցինք, երբ իմացանք, որ «The Daily Star» թերթում մեր մասին ներկայացումից առաջ գրել էին, որ՝ դուք մասնակցում եք կենդանիների հետ։ Ասացինք, որ դրա հետ կապ չունենք, բայց, ցավոք, արդեն մեծ աղմուկ էր բարձրացել, ու որպեսզի իզուր չնպաստեինք այդ աղմուկի ավելի տարածմանը` որոշեցինք դուրս գալ Britain’s Got Talent նախագծից՝ կիսաեզրափակիչ փուլին մասնակցելուց հետո։ Իսկ կրկես առանց կենդանիների, իհարկե, հնարավոր է։ Վառ օրինակ՝ «Cirque du Soleil»-ը աշխարհի լավագույն կրկեսներից մեկն է, որը ոչ մի կենդանի չի օգտագործում շոուներում։