ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծին
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը: Արդյունքում՝ իշխող խմբակցությունը մերժեց ներկայացված նախագիծը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մինչև նախագիծը ներկայացնելը տեղեկացրեց, որ մեկ անգամ այն արդեն քննարկվել է հանձնաժողովի նիստում և դրա վերաբերյալ անցկացվել են նաև խորհրդարանական լսումներ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարցը չմտավ նիստերի օրակարգ, մենք նախաձեռել ենք դեկտեմբերի 15-ին անցկացնել արտահերթ նիստ։ Սահմանազատման ու սահմանագծման հիմնադիրը մեր հասարակության համար հանդիսանում է լայն հետաքրքրություն ներկայացնող հարց, որն առաջին հերթին վերաբերում է ՀՀ սահմանային իրավիճակին և Արցախի հետ կապված խնդրին։ Վերջին տարիների, հատկապես վերջին մեկ տարվա փորձը ցույց է տվել, որ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնելու, որ այն, ինչի մասին մտածում էինք՝ գնալ խաղաղության, և այդ հայտարարության համաձայն՝ երկուստեք պետք է կատարեն իրենց պարտավորությունները, Ադրբեջանը չի կատարում։ Ադրբեջանը ՀՀ սահմաններում իրականացնում է սադրանքներ, որոնք խարխլում են այն խաղաղության վիճակը, որի մասին մտածել էինք։ Նման իրավիճակում գնալ սահմանազատման ու սահմանագծման, նաև հարվածի տակ դնել Արցախի ճակատագիրը՝ անընդունելի է»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
Միաժամանակ ընդգծեց, որ դեմ չեն խաղաղությանը, սահմանազատմանն ու սահմանագծմանը, սակայն դրա համար պետք է լինեն պայմաններ։
Անդրադառնալով հայտարարության նախագծի բովանդակությանը՝ Սեյրան Օհանյանը պարզաբանեց, որ տեքստում դատապարտում են թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմական գործողությունները, ինչպես նաև այն, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները։
«ԱԺ-ն, որպես խորհրդարանական կառավարման հիմնական օղակ, պահանջում է, որպեսզի գործադիրն արտահերթ նիստ անցկացնի, որպեսզի գործադիրը գա և հաշվետվություն ներկայացնի։ Սա կառավարությանը նաև հաշվետվության կոչ է՝ ԱԺ-ին։ Ուզում եմ մեջբերել Կառավարության ղեկավարի խոսքը, որն ասաց վերջին հարցուպատասխանի ժամանակ, նա ասաց, որ 2016 թվականին էր հայտնի, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու որևէ հնարավորություն չկա։ Այդ դեպքում ինչո՞ւ էր 2018 թվականին պնդում, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Մեր պահանջը նաև այն է, որ որևէ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ չպետք է լինեն, որոնք կխարխլեն Արցախի ինքնիշխանությունը»,- շեշտեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նախագիծը քննարկելուց հետո այն չընդունվեց՝ 5 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ։
Նախագիծը մերժվելուց հետո Սեյրան Օհանյանն ասաց, որ իշխանության գործողությունները հանգեցնում են առկա խնդիրների շրջանցմանը և ոչ թե լուծելուն:
«Տվեք՝ Ձեր առաջարկությունները դնենք այս հայտարարության մեջ»,- հավելեց Սեյրան Օհանյանը։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն ի պատասխան ընդդիմադիր խմբակցության ղեկավարի առաջարկի՝ արձագանքեց, թե չեն կարծում, որ այս պահին ԱԺ-ի կողմից նման հայտարարություն տարածելու և ընդունելու պահանջ կա, հետևաբար՝ եթե «Հայաստան» խմբակցությունն այդպես է կարծում, ապա պետք է այնպես անեն, որ տեքստի բովանդակության հետ երկուստեք համաձայնության գան։
«Մեզ նաև պետք է համոզեք, որ այս պահին դա անհրաժեշտ միջոցառում է»,- եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում