3 միլիոն վարչապետներից մեկն էլ մենք ենք, մեր հարցը լուծեք․ ահազանգում են վթարային շենքերի բնակիչները
Վերջերս համացանցում տարածած մի տեսանյութով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ահազանգում էր, որ «Քաղաքային իշխանությունը 2022 թվականի բյուջեի նախագծից հանել է վթարային շենքերին տրամադրվող գումարը․
«Չեմ կարող ասել, թե սա ինչով է պայմանավորված, թե իր ուսերից ուզում է գցել վթարային շենքերի բեռը, թե ուզում է անտեսել այդ չափազանց կարևոր խնդիրը, այնուամենայնիվ կարծում եմ, որ սա վերաբերում է յուրաքանչյուրիս, որովհետև այդ շենքերի բնակիչներն ամեն օր ապրում են կյանքի և մահվան եզրագծին, և, Աստված մի արասցե, մենք մոտ ժամանակներում ունենանք լուրջ խնդիր։ Չգիտեմ Մարությանը, իր քաղաքային իշխանությունն ինչպես են սրա տակից դուրս գալու»։
Երևանի ավագանու անդամի ահազանգ-մտահոգությունը մասնավորապես վերաբերում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի երկու շենքերին՝ 10 և 17: Երկուսի վթարայնության աստիճանը պաշտոնապես հաստատվել է՝ 4-րդ կարգ: Ընդ որում՝ շենքերի փլուզումն ակնհայտ է և անընդհատ ավելանում է, բնակիչները գրեթե ամեն օր ստիպված են լինում զանգահարել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ օգնություն հայցելու։
Արզումանյան 10 շենքի բնակիչ Վարդան Քոչարյանը 2-րդ հարկում է ապրում, ասում է՝ քաղաքապետարանում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել թե՛ ավագանու անդամների, թե՛ փոխքաղաքապետի հետ, խոստացել էին հարցին լուծում տալ, բայց առ այսօր սայլը տեղից չի շարժվում․
«Այս մուտքն է նստում, 12 բնակիչ ենք, խեղճ ու կրակ 12 բնակչի չեն կարողանում բնակարան տալ։ Չե՛մ հասկանում, միլիոններ են ծախսում, եսիմ ինչ տոնածառներ են առնում, բնակարան տվեք մարդկանց, թող գնան նորմալ ապրեն, ինչի՞ մեջ է հայությունը, տոնածառների մե՞ջ է»։
Տղամարդու խոսքով՝ 2 վթարային շենքերի բնակիչներով փորձել են հենց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպել, հենց նրա ներկայությամբ բարձրացնել իրենց խնդիրը, պատմել մանրամասները, բայց ավաղ, իրենց դիմումներին մշտապես պատասխանում են՝ քաղաքապետը տեղում չէ․
«Մենք չենք կարողանում այդ Հայկի մոտ մտնենք, այ մարդ, էդ ինչ քաղաքապետ ա, չենք կարողանում իր մոտ մտնենք, ընդունելություն չկա՛։ Երբ գնում ես՝ Հայկն արձակուրդում է, Հայկն ընտանիքի հետ գնացել է Չեխիա, Լոնդոն է գնացել, Ստասբուրգ է գնացել․․․ Այ մարդ, սենց բան կլինի՞»։
Բնակիչները չեն թաքցնում, քաղաքապետարանը ժամանակին շենքի բոլոր բնակիչներին առաջարկել է ազատել բնակարանները, ինչի դիմաց խոստացել էին նրանց այլ բնակարաններ վարձակալելու համար տրամադրել համապատասխան վարձավճար, մինչև նոր շենք կկառուցվեր, և նոր բնակարաններ կտրամադրեին։ Սակայն 2 շենքերում էլ եղել են բնակիչներ, որոնք դեմ էին այս տարբերակին և իրենց առաջարկն էին ներկայացնում՝ ոմանք ուզում էին միանգամից նոր բնակարան տեղափոխվել, ոմանք էլ քաղապետարանի առաջարկած մակերեսով բնակարանից ավելին էին պահանջում, պատճառաբանելով, թե բազմանդամ ընտանիք են։ Իսկ քաղաքային իշխանությունները, ինչպես վստահեցնում էին վթարային շենքերի բնակիչները, սեփական գործառույթը դրել են բնակիչների վրա, առաջարկում է՝ հարևաններին համոզել ազատել վթարային բնակարանները, ինչից հետո միայն իրենք կկարողանան սկսել նոր շենքի կառուցման գործընթացը։
Նույն շենքի 1-ին հարկի բնակչուհի Զարուհի Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պատերին առաջացող ճաքերին ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում կարելի է ականատես լինել, թե ինչպես է փլուզվում շենքը: Ապա ցույց է տալիս մուտքի դեֆորմացված դուռը և ասում, որ ամեն շաբաթ ստիպված են լինում դռան փականը փոխել․
«Քանի որ շենքը նստում է, դեֆորմացվում է, անգամ մուտքի շեմն ենք ռանդայով հարթեցնում, որ կարողանանք ներս մտնենք․․․ Ճաքերը շարունակվում են, մեծ քարերն ընկնում են տան մեջ, սալիկները ևս առանձնանում են, ջարդվում են»։
Նույն պատկերը նաև Արզումանյան 17 շենքում է, քարաթափումներ, պատերին և հատակին բազմաթիվ ճաքեր։ Շենքի առաջին հարկի բնակիչ Արթուր Լոպոյանը, տևական ժամանակ է, ինչ թողել է սեփական բնակարանը և ապրում է վարձակալած բնակարանում, ճիշտ է, վարձավճարը Երևանի քաղաքապետարանն է փոխանցում, բայց ասում է՝ դա հարցի լուծում չէ, իրենք օրենքով հասանելի սեփական բնակարանն են ուզում։
«Փլուզման ժամանակ շենքի քարերը թափվել էին, հետո մենք ենք բնակիչներով բարձրարցրել, տեղավորել․․․ Հերթական անգամ, երբ շենքը նստվածք տվեց, միջսենյակային պատն ամբողջությամբ քանդվեց, այդ պահին իմ ընտանիքի անդամներն այդ պատի տակ էին նստած, հասցրեցինք քաշել, հրաշքով փրկեցինք, պատը փլուզվեց անմիջապես իրենց նստած տեղը։ Երևանի քաղաքապետարանը 3 տարի է՝ մեզ սպասեցնում է, մենք վարձով ենք բնակվում, սպասում ենք, որ նոր բնակարան հատուցեն, ամեն անգամ խոստանում են, որ մյուս տարվա բյուջեում արդեն կներառեն, բայց որևէ բան չեն պատրաստվում անել ու վերջերս էլ շեշտեցին, որ քաղաքապետարանի բյուջում ներառված չէ շենքերի վերաբնակեցման հարցը, ստացվում է՝ պետք է անտուն մնանք, մինչև մի հրաշք լինի»,- ասաց շենքի բնակիչը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև դեռևս 2018-ին իշխանությունների տված խոստումները, հետո դրանք համեմատեց գործնականում կատարվածի հետ ու եզրակացնրեց, որ ոչ մի խոստում չի կատարվել․
«Խոստումներ էին տալիս՝ մենք գանք, կփոխենք, առաջնահերթ կարևորում էին ժողովրդի անվտանգությունը, բայց այսօր տեսնում ենք, որ դա օդ էր կոպիտ ասած, ոչ մի խոստում չի կատարվել, մի բան էլ կանգնում հերքում են իրենց խոստումները և ասում են՝ չկա բյուջե, չունենք ոչ մի պլանավորած ծրագիր, և չեն պատասխանում մեր հարցերին, թե ինչքան ենք մենք բնակվելու այս պայմաններում։ Այդ մարդիկ ուղղակի անտարբեր են, գոնե ձևական ցույց տան, որ մտահոգված են, այն ժամանակ խոստումներ էին տալիս, հույսով էին անում, հիմա դա էլ չեն անում, ասում են՝ չունենք միջոցներ ու այն, ինչ որ արել ենք, որ վարձով բնակվում եք հիմա, բարի կամքի դրսևորում է, քաղաքապետարանը պարտավոր չի․․․»։
Արզումանյան 17 շենքի բնակիչներից Նարե Արզումանյանն էլ պատմեց, որ 2016 թվականին որպես երիտասարդ ընտանիք՝ հիպոթեքով են բնակարանը ձեռք բերել, 2018 թվականին էին վերանորոգել, բայց կարճ ժամանակ հետո ամբողջն ավերվեց։ Այս ընտանիքը ևս քաղաքապետարանի տրամադրած գումարով է վարձակալությամբ բնակվում, մինչև խնդրին վերջնական լուծում տրվի․
«Հարցի լուծումը 2022 թվականի բյուջեով նախատեսված չէ, մեր ամբողջ մտավախությունն էլ հենց դա է, քանի որ մեծ հույսով սպասել էինք մինչև այս թվականը, անընդհատ ինչ-որ խոստումներ, հույսեր, բայց չարդարացան մեր հույսերը, ուզում ենք հասկանալ՝ վերջն ինչ է լինելու»։
Արզումանյան 17 շենքի բնակչուհի Տիկին Թամարայի ուղեկցությամբ մտանք իրենց բնակարան, որտեղ անզեն աչքով տեսանելի էր, թե շենքն ինչպես է թեքվել․
«Խոհանոցի պահարանների դռներն այսքան է փակվում, չի փակվում էլ, պատուհաններն էլ նորմալ չեն փակվում, բայց չենք կարող փոխել, քանի որ պատշգամբները նստում են․․․»։
Տիկինը պատմեց նաև, որ որպես խնդրի լուծում՝ փորձել են վաճառել բնակարանը, քանի որ քաղաքապետարանը չի կարողանում իրենց նոր բնակարաններով ապահովել, սակայն դա էլ չի ստացվել, քանի որ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակարանների առուծախի գործարք հնարավոր չէ կատարել․
«Ես ուզում եմ իմ բնակարանը վաճառել, որովհետև ապրել չենք կարողանում, բայց չեմ կարող վաճառել, դե ուրեմն թող օրենք ընդունեն, որ կարողանանք վաճառել, ով էլ կարող է, թող սպասի, մինչև շենքը քանդեն, այդքան բան, ուղղակի հնարավոր չէ այս պայմաններում ապրել։ Մեզ ասում են՝ դա մեր գործը չի, դիմեք կառավարություն, Կառավարությունից նորից ուղարկում են քաղաքապետարան, մենք չգիտենք, թե մեր հարցն ո՞վ պետք է լուծի, չէ՞ որ մենք այս երկրի քաղաքացին ենք։ Երբ իշխանությունը փոխվեց, մեզ ասացին՝ մենք ունենք 3 միլիոն վարչապետ, էդ վարչապետներից մեկն էլ հիմա մենք ենք, մեր ընտանիքն է, և ուզում ենք մեր հարցը լուծել․․․»։
Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ պարզաբանեցին. վթարային շենքին տրամադրվող գումարը ոչ թե հանվել, այլ չի ներառվել բյուջեի նախագծում։ Քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբատյանն ընդգծեց՝ Արզումանյան 10 շենքը դեռ 2019 թվականին էր ներառվել ներդրումային ծրագրում, նախատեսված էր վթարային շենքի տեղում նոր բարձրահարկ շենք կառուցել, և հենց նույն շենքում էլ բնակիչներին հատկացվելու էին նոր բնակարաններ, սակայն մի քանի բնակիչ դեմ են եղել այդ տարբերակին, ինչի հետևանքով ծրագիրը չի իրականացվել։
«Տվյալ դեպքում պարտադիր է բոլոր բնակիչների համաձայնությունը, որպեսզի շենքը լքեն։ Եթե բոլոր բնակիչները չեն գալիս համաձայնության, այնտեղ ո՛չ ներդրումային ծրագիր է հնարավոր իրականացնել, ո՛չ էլ վերաբնակեցնել այդ բնակիչներին»։
Կուբատյանն ընդգծեց նաև՝ քաղաքապետարանը տվյալ պարագայում 2 գործառույթ կարող է իրականացնել՝ 1-ին, բնակիչներին առաջարկել ներդրումային ծրագիր, 2-րդ՝ վերաբնակեցում, պարտադրանքով որևէ բնակչի չեն կարող դուրս հանել բնակարանից։
«Վերաբնակեցման համար, եթե իրենց կարծիքը պետք չէ հաշվել, այդտեղ արդեն համայնքը սահմանափակ լիազորություններ ունի, քանի որ շենքը պետք է ճանաչվի հանրային գերակա շահ, իսկ հանրային գերակա շահ ճանաչում է Կառավարությունը, մեր գործիքակազմը սահմանափակ է…»։