Մարդ, ով չի նեղանում սեփական ժողովրդից
Հուսով եմ, կհամաձայնեք իմ այն կարծիքին, որ վերջին երեքուկես տարվա ընթացքում բոլորս ունենք հստակ ձևակերպված քաղաքական ուղերձների, պետական մակարդակում հնչած բովանդակային հայտարարությունների ու պետականության գոյությունը փաստող մտքերի պակաս։ Այն, ինչ լսում ենք այս եռամյա կտրվածքով՝ զուտ բամբասանքի, կենցաղայինից ցածր բուլվարային մակարդակի հոխորտանքներ են, որոնց ասելիքը փաստացի նույնն է, չկա ոչ մի վերլուծություն, բացակայում է տրամաբանված միտքն ու իրավիճակին համապատասխան եզրահանգված դատողությունները։
Իրականում եթե անկեղծ՝ վերն ասվածը պետական կայացած համակարգ ու լուրջ հասարակարգ ունեցող պետությունների շրջանում բարձրաձայնելու դեպքում զավեշտալի կթվար, քանի որ դժվար է ընկալել, երբ երկրիդ ղեկավարն իր քաղաքական ելույթները կառուցում է «վարտիք-կիսավարտիքի» կամ «կարգինհաղորդումյան» մեջբերումներով՝ բացառելով ակադեմիականն ու քաղաքագիտականը։ Հավանաբար հենց դրանով են նաև տարբերվում ցեղային միությունները մարդկության բարձր կացութաձևից՝ ազգից։
Պետական խոսքի ու խորքային վերլուծության իրական վարպետության դասի ականատես եղանք «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ, որին, ի թիվս մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարների, մի քանի տասնյակ ազդեցիկ քաղաքական ուժերի առաջնորդների, մասնակցում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, միջոցառումը տեղի էր ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության 20-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում։
Նախագահ Սարգսյանն իրեն բնորոշ ոճով խորքային դիտարկումներից բացի՝ բավականին հատկանշական զուգահեռներ անցկացրեց աշխարհաքաղաքական վերադասավորումների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ներքաղաքական արդի գործընթացների միջև։ Ինչպես բնորոշ է Սարգսյանին, նրա խոսքի հիմնական առանցքը ՀՀ պետական շահն էր՝ մասնավորապես, Արցախի խնդիրը, որի մասին նա բարձրաձայնել է քանիցս։ Ավելին, Սարգսյանի գնահատականները ոչ թե իրավիճակային էին, կամ, ասենք, զուտ անձնական ու կուսակցական շահերից բխող, այլ բացառապես վերաբերում էին ՀՀ առաջ ծառացած մարտահրավերներին։ «Իմ գործընկերներին կոչ եմ անում նաև անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- Ս․ Սարգսյանն իր այս ձևակերպմամբ հերթական անգամ ընդգծում է Արցախի հարցի կարգավորման ու լուծման ճիշտ բանաձևումը, որից, ցավոք, կիլոմետրերով հեռացել են ՀՀ օրվա իշխանությունները։
Ըստ էության կարևոր է արձանագրել հետևյալը․ հետևելով Սերժ Սարգսյանի՝ միջազգային հարթակները վերջին երեքուկես տարիներին օգտագործելու պրակտիկային՝ վստահաբար կարող ենք փաստել, որ նա իր միջազգային բոլոր հայտարարություններում ու տեքստերում առիթը բաց չի թողնում հերթական անգամ Հայաստանի պետական շահի, ինչպես նաև Արցախի հարցի մասին բարձրաձայնելուց։ Նախօրեին նույնպես նա փորձեց ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը գեներացնել հայկականության ու Արցախի արյունոտ վերքերի վրա։
Անկասկած, սա խոսում է պետական գործչին հատուկ մտածելակերպի մասին, որը, ցավոք, քաղաքականությամբ զբաղվող ոչ բոլորին է հատուկ։ Եթե փորձենք համեմատական անցկացնել, ապա Ադրբեջանի վայրագությունների ու 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառած անմարդկային գործողությունների ու տեռորի մասին միջազգային հարթակներում խոսող մարդկանցից մեկը հենց Սերժ Սարգսյանն է։
Փաստացի ի՞նչ ունենք․ երեքուկես տարի առաջ հայ մարդը փողոցում անգիտակցաբար ու արտաքին ուժերի կողմից արհեստական ուղղորդված ագիտացիայի արդյունքում մերժեց Սարգսյանին, ով շարունակում է իշխանության չլինելով՝ մտածել պետության ու պետականության մասին և հավատարիմ մնալ հայ պետականությանը և դարձյալ ծառայել ՀՀ շահերին, դրա փոխարեն՝ իշխանության բերեց անհայրենիքների խունտային, որոնք կազմակերպված հանձնեցին Արցախը։ Կարող ենք արձանագրել, որ նրա ելույթը հերթական ուղերձն էր նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իսկական պետական ու քաղաքական գործիչը, ով երբեք չի նեղանում սեփական ժողովրդից ու պետությունից:
Հ․Գ․ Ի դեպ, մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը կատաղության է հասցրել ադրբեջանական կողմին: Տեսակոնֆերանսի ժամանակ ադրբեջանական կողմը փորձել է հակադարձել Սարգսյանին, սակայն կազմակերպիչները կանխել են:
Արմեն Հովասափյան