Բաժիններ՝

«Շատ դեպքերում այն վայրերում, որտեղ բնակվում են զինծառայողները, սեփականատերերը չեն համաձայնվում պայմանագիր կնքել նրանց հետ». Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություն կատարելու վերաբերյալ։

Օրենքի նախագիծը պատգամավորն այսօր ներկայացրեց իր գլխավորած հանձնաժողովում։

«Նախնական տարբերակով առաջարկվում է, որպեսզի օրենքի կետը խմբագրվի հետևյալ կերպ, պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։ Ծառայության վայրում ծառայողական բնակարաններով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածքում բնակվելու համար պայմանագրային զինծառայողին վճարվում է  գումար՝ Կառավարության կողմից սահմանված կարգով և չափով»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասնելով  օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես գալու դրդապատճառները, Թագուհի Թովմասյանն ասաց, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ զինծառայողներն օգտվում են կառավարության կողմից իրենց վերապահված իրավունքից և արտոնությունից, ստանում են փոխհատուցում, բայց  կարգում առկա խնդիրների պատճառով, երբեմն ստիպված են լինում  օրենք խախտել:  Արդյունքում՝ ենթարկվում են քրեական հետապնդումների, այս պահին 81 քաղաքացի քրեական տարբեր գործերով ներգրավվել են որպես մեղադրյալ։

«Շատ դեպքերում այն վայրերում, որտեղ բնակվում են զինծառայողները, սեփականատերերը չեն համաձայնվում պայմանագիր կնքել նրանց հետ, նման դեպքերում զինծառայողները ստիպված են լինում այլ հասցեով վարձակալության պայմանագիր կնքել, բայց իրենք փաստացի բնակվում են մեկ այլ տարածքում։ Իրավապահները գտել են, որ կա օրենքի խախտում, և քրեական գործեր են հարուցել, որոշ դեպքերում ունենք նաև դատական վախճան, ինչն ինձ համար անընդունելի է»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ սույն նախագծով նախատեսում են, որպեսզի պայմանագրային զինծառայողն այլևս ստիպված չլինի ներկայացնել վարձակալության պայմանագիր։

«Ես ձեզ խնդրում եմ, եկեք միասին ապահովենք լուծում, որպեսզի զինծառայողները ստիպված չլինեն օրենք խախտել։ Նաև հասկանանք, թե 81 քաղաքացիների ճակատագիրն ինչ է լինելու, տեղեկություն ունեմ, որ 39-ի նկատմամբ քննությունն ավարտվել է և լուծվել է  անհատական մոտեցմամբ»,- շեշտեց պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս