Հայաստանը համաձայնե՞լ է միանալ թուրք-ադրբեջանական առաջարկին

Օրերս ՌԴ դիվանագետ Գրիգորի Կարասինն ակնարկել է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են մասնակցել տարածաշրջանային 3+3 կամ 3+2 ձևաչափին, որը նախաձեռնել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Տարածաշրջանային նման ձևաչափ սկսելու մասին թյուրքական այս երկրների ղեկավարներն ակտիվորեն սկսել էին խոսել 44-օրյա պատերազմից հետո:

2021 թվականի նոյեմբերի 29-ին ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպել էր Ռուսաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ և շվեյցարական կողմի ուշադրությունը հրավիրել  վրացական իշխանությունների կողմից իրականացվող, նրա որակմամբ, ապակառուցողական քաղաքականության վրա, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ «Ցավալի է Թբիլիսիի հրաժարվելը մասնակցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան+Ռուսաստան-Իրան-Թուրքիա) հիմնադիր հանդիպմանը։ Միաժամանակ, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը և փնտրել միավորող թեմաներ, համապատասխանեցնել շահերը տնտեսության, հումանիտար ոլորտում՝ չնայած առկա բոլոր հակասություններին»,- ընդգծել էր Կարասինը։

Ռուս դիվանագետը գոհունակությամբ է նշել միջազգային հարթակներում շվեյցարացի գործընկերների միջնորդական ջանքերը Վրաստանում ռուսական և Ռուսաստանում վրացական շահերը ներկայացնելու հարցերում։ Ռուսական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը Ժնևյան ձևաչափին, որն ապահովում է Վրաստանի և Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուղիղ և ներառական երկխոսությունը։

Նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե հստակ չէր ձևակերպել, որ Հայաստանը միանում կամ մերժում է տարածաշրջանային այս ձևաչափին միանալը:
Նա մասնավորապես նշել էր, որ բոլոր այն տարածաշրջանային հարցերը, որոնց քննարկման և լուծման համար արդեն կան այլ ֆորմատներ, չեն կարող քննարկման առարկա լինել «3+3» ձևաչափում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ընդհանրապես բոլոր այն տարածաշրջանային հարցերը, որոնց քննարկման և լուծման համար արդեն կան այլ ֆորմատներ, չեն կարող քննարկման առարկա լինել «3+3» ձևաչափում։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար Եռակողմ հանձնաժողով ունենք ձևավորած, այդ հարցը «3+3»-ում չպետք է քննարկվի։ Պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն ու չեն կրկնում այլ ձևաչափերում արդեն գոյություն ունեցող օրակարգերը։ Այս պահին սա է մեր դիրքորոշումը»,- ասել էր Փաշինյանը՝ նաև խոսելով այն մասին, որ Ղարաբաղի հարցը ևս չպետք է այդ ձևաչափում քննարկվի։ Կգտնվե՞ն նման հարցեր, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «կապրենք՝ կտեսնենք»։

Ստացվում է, որ հայկական կողմը համաձայնել է միանալ թուրք-ադրբեջանական տարածաշրջանային առաջարկին, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Իրանն ու Ռուսաստանը, մերժել է Վրաստանը: Կարասինի խոսքում Հայաստանը ներկայացվում է՝ որպես մասնակցող կողմ: Չի բացառվում, որ այդ հարցը քննարկվել է նաև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում, որից օրեր առաջ պարզ դարձավ նաև, որ Երևանը Մոսկվային հայտնել է, որ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել։ Այսինքն, ըստ էության, հայկական կողմն ընդունել է նաև հայ-թուրքական գործընթացում միջորդության ռուսական առաջարկը:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հայկական կողմը, ըստ ամենայնի, համաձայնել է աշխատել այդ ձևաչափում, ինչը տարօրինակ կամ անսպասելի չէ, քանի որ մերժում չէր եղել, լուրջ վերապահումներ չէին հնչել:

Բացի դրանից, նա նշեց, որ տարածաշրջանը և աշխարհը ծավալուն և համակարգային վերափոխումների փուլում են. Ղարաբաղյան պատերազմից հետո նաև ավելի ինտենսիվ համագործակցության նոր առանցքներ են ձևավորվում, հարավկովկասյան ռեգիոնն ինտենսիվ փոփոխությունների փուլում է՝ փոխվում են տարածաշրջանային երկրների դերերն ու ազդեցությունները, ինչպես նաև խաղացողների ցանկն է ընդլայնվում, ուժային բալանսներն են էապես փոխվում:

«Փոխվում են Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի դերերը Հարավային Կովկասում: Ռուսաստանը ամրապնդվել է ռեգիոնում, խաղաղապահներ է տեղակայել Ղարաբաղում, սակայն հասկանում է նաև, որ հարկավոր են համագործակցության նոր ֆորմատներ անվտանգության ավելի կայուն ապահովման համար: Ռեգիոնների փոխկապակցվածությունն է փոխվում, որը, բնականաբար, փոխում են ազդեցության ձևաչափերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել համագործակցելու Իրանի և Թուրքիայի հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Հնարավոր չէ առանց համագործակցության բացել նախատեսվող ճանապարհները: Սա լիովին հասկանալի է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանին, ապա, նրա խոսքով, Հայաստանի շուրջ անընդհատ համագործակցության ձևաչափեր են ձևավորվում, որոնցում մեծաթիվ դեպքերում Հայաստանը չի մասնակցել՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը: Սակայն, Լուկիանովի խոսքով, մի ձևաչափ, որն առնչվում է հենց տարածաշրջանի գլոբալ հարցերին, հնարավոր չէ անտեսել, հատկապես, երբ դրան միանում է նաև Ռուսաստանը:

«Դժվար է ասել, որ այս կամ այն հարցը քննարկվելու է կամ չի քննարկվելու, քանի որ որևէ օրակարգային հստակեցում չկա, թե ինչով է զբաղվելու կոնկրետ այս խորհրդատվական ձևաչափը: Իմ կարծիքով, քննարկվելու են տարածաշրջանի ներկայիս իրողություններին առնչվող բոլոր հարցերը, քանի որ բոլոր հարցերը միմյանց հետ կապ ունեն, և եթե արդեն իսկ քննարկվող հարցեր կան այլ ձևաչափերում, ապա այս ձևաչափի շրջանակում ո՞ր հարցերը պետք է քննարկվեն: Կարծում եմ՝ բավականին լայն շրջանակի տարածաշրջանային հարցեր կարող են քննարկվել, սակայն ընթացքը շատ բան ցույց կտա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս