ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել. Քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5700 է, այլ 6400-ին մոտ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին «Հրապարակը» գրել էր. «Տնային պայմաններում մահացածների թվերն առողջապահության նախարարությունը չի ներկայացնում։ Նախարարությունից մեզ ասացին, որ իրենք տնային մահերի վիճակագրություն չեն վարում, ներկայացնում են միայն այն տվյալները, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից։

Տնային մահերի վիճակագրությունը, ըստ ԱՆ-ի, վարում է Ազգային վիճակագրության ծառայությունը՝ մահվան վկայականների տվյալների հիման վրա, որոնց մեջ մահվան պատճառը նշված է՝ «կորոնավիրուսային հիվանդություն»։ Մեզ ասացին, որ մոտ 600-700 տնային մահ է գրանցվել, այսինքն, քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5 հազար 700 է, այլ 6 հազար 400-ին մոտ: Սկզբում տեխնիկական խնդիր է եղել` երևի անփութության հետևանք, հիմա էլ ուշ է այդ մահերն ընդհանուր թվի մեջ ներառելու համար: Ինչպես Փաշինյանն է ասում` «պլյուս-մինուս 7 հարյուրը» եղանակ չի փոխում»։

Մենք տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայությունը կորոնավիրուսի հետևանքով մահացության թվերի վերաբերյալ ստուգումներ է սկսել։ ՊՎԾ-ից հաստատեցին ստուգում սկսելու վերաբերյալ մեր տեղեկությունը։ «Վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե ինչու են 2 կառույցների տված ինֆորմացիաներն իրարից տարբերվում, և մենք փորձում ենք աջակցել մեր գործընկերներին՝ գտնել այդ հարցի պատասխանը և վարչապետի հանձնարարությամբ ներկայացնել կառավարությանը և հանրությանը։ Խոսքը Վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության մասին է, իրենք տարբեր ցուցանիշներ էին հրապարակել, և վարչապետը հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե այդ տարբերությունն ինչ պատճառներով է եղել, մեթոդակա՞ն պատճառով, թե՞ այլ պատճառով, և դրա մասին հանրությանը պատշաճ տեղեկացվի»,- ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը»։

Տեսանյութեր

Լրահոս