Ահազանգ՝ ՔՊ-ի քարոզարշավին չմասնակցելու համար մարզպետարանից սպառնում են ազատել աշխատանքից դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներին. Նորայր Հակոբյան
Դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ընտրապայքարն ընթանում է Մասիս քաղաքի նախկին քաղաքապետ, այժմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով ընտրություններին մասնակցող Դավիթ Համբարձումյանի և իշխանության ներկայացուցիչ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի միջև։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի նախընտրական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածու Նորայր Հակոբյանը, խոսելով ավարտին մոտեցող քարոզարշավի մասին, ահազանգեց՝ իշխանության ներկայացուցչի քարոզարշավն ընթանում է վարչական ռեսուրսի կիրառմամբ ու բազմաթիվ խախտումներով։
«Մասիս քաղաքում և խոշորացման ենթակա մյուս համայնքներում կա վարչական ռեսուրսի կիրառում։ Բերեմ օրինակ՝ երեք օր առաջ Նոր Խարբերդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քարոզարշավին մասնակցում էր այդ ուժի նախընտրական ցուցակում չընդգրկված մարզպետը՝ Ռազմիկ Թևոնյանը, ինչը օրենքի խախտում է»,- ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին՝ Սեդրակ Թևոնյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։
Մեր զրուցակցի խոսքով՝ ոչ միայն օրենքի խախտմամբ մարզպետը մասնակցում է Մասիսում ՔՊ-ի քարոզարշավին, այլ նաև մարզպետարանից հրահանգված է բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին և աշխատակազմին՝ պարտադիր մաս կազմել ՔՊ-ի քարոզարշավին։
«Անխտիր զանգահարում են բոլոր մանկապարտեզներ ու դպրոցներ և հրահանգում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։ Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել, եթե նրանք փորձեն մասնակցել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի անցկացրած քարոզարշավին։ Յուրաքանչյուր համայնք, որտեղ այցելում է ՔՊ-ի թեկնածուն, պարտադիր այնտեղ լինում են դպրոցի տնօրեններն ու մանկապարտեզի վարիչներն ու աշխատակիցները։ Հրահանգը գալիս է մարզպետարանից և հրահանգված է՝ չգալու դեպքում ազատել աշխատանքից»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով՝ այս խախտումներից զատ, նաև գումար է բաժանվում սոցիալական աջակցության անվան տակ, ինչի վերաբերյալ էլ իրենց դաշինքը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։
«Ես հրավիրվել եմ Մասիսի ոստիկանություն, որոշակի լսումներ եղել են, սակայն առ այս պահը որևէ լուրջ արդյունք, թե ոստիկանությունն ինչ-որ բան է անելու, չունենք, ուստի մենք մեր քաղաքացիներին հորդորում ենք, եթե անգամ գումարն են տալիս սոցիալական օգնության անվան տակ, և դուք դա վերցնում եք, միևնույն է, վերցնելուց հետո գնացեք և ընտրեք այն թեկնածուին, որին դուք եք ուզում»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Մասիս քաղաքի ընտրությունների ժամանակ անում է այն, ինչն անելու մեջ մեղադրում էր նախկիններին։
«Թեև ի՞նչ նախկիններ. նախկին գյուղապետերի կեսից ավելին հիմա գտնվում են «Քաղացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։ Այդ ցուցակում մարդիկ են, որոնք 20 տարի եղել են Հանրապետական կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ և հիմա հրաժարվել են այդ կուսակցություններից և իրենց կենսագրության մեջ գրել են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։ Կրկնում եմ՝ ՔՊ-ի ցուցակի 90 տոկոսը ՀՀԿ-ականներ են, հետևաբար, եթե պետք է ասեն, օրինակ, նախկին թալանչի, թող այդ դեպքում իրենց ցուցակը մի հատ լավ նայեն»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ 20-25 տարի համայնքային բյուջեի հաշվին ապրած և այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում հանգրվանած համայնքների տարբեր ղեկավարներն աշխատում են այսօրվա իշխանության և ՔՊ-ի համար, որովհետև նրանց նկատմամբ համայնքային բյուջեն վատնելու մեղադրանքով հարուցված է քրեական գործ, իսկ համայնքային բյուջեն վատնած որևէ մեկի հետ Դավիթ Համբարձումյանը որևէ պարագայում չէր կարող համագործակցել։
«Մասիս քաղաքի նախկին քաղաքապետերը հիմա ևս աշխատում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։ Մասիսի նախկին քաղաքապետը Նազարյան Դմիտրին է, որի որդին հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդ համարում է, թեև Նազարյան Դմիտրին երկու անգամ Մասիսի ղեկավար է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Մասիսի մյուս նախկին քաղաքապետը Սաշա Հակոբյանն է, որը թեև ՔՊ-ի ցուցակում ընդգրկված չէ, սակայն ակնհայտ սատարում է ՔՊ-ին, որովհետև ունի որոշակի բիզնես պրոյեկտներ»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում