Երևանի թիվ 163 հիմնական դպրոցի նոր տնօրենի ընտրության օրը հայտնի է. մրցույթն արդեն հայտարարվել է
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ՝ «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 163-Ն որոշման» և հավելված «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման» համաձայն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի, «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի ընտրությունը: Հավակնորդները կրկին ներկայացրել են զարգացման ծրագրեր, տեղի է ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի բաց քվեարկություն:
Նիստին մասնակցել են կառավարման խորհրդի 9 անդամները, ինչպես նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ:
Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտ ներկայացրած 4 հավակնորդներից մեկը ինքնաբացարկ էր ներկայացրել: Թափուր տեղի համար դպրոցի զարգացման ծրագրերը ներկայացրել էին հավակնորդներ Անի Դանիելյանը, Նարինե Վարդերեսյանը, Հասմիկ Օհանյանը:
Կատարվել էր բաց քվեարկություն:
Անի Դանիելյանը ստացել էր՝ 4 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ:
Նարինե Վարդերեսյանին կողմ էին քվեարկել 4-ը, դեմ՝ 4-ը, ձեռնպահ՝ 1-ը:
Հասմիկ Օհանյանը ստացել էր 0 ձայն:
Դպրոցի կառավարման խորհրդից մեզ հայտնեցին, որ քանի որ քվեարկության արդյունքում տնօրենի ընտրությունը չի կայացել, հայտարարվել է նոր մրցույթ, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարի չորսին:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Երևանի հ․ 163 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարել է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ ՀՀ քաղաքացիությունը, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով, ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի հ․ 163 հիմնական դպրոցում 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 8։30-ից մինչև ժամը 15։00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: