Ավտոբուսին սպասել եմ ուղիղ 40 րոպե. ավագանու անդամի դժգոհությունը

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանն այսօրվա նիստի ընթացքում խոսեց հանրային տրանսպորտի աշխատանքից քաղաքացիների, այդ թվում՝ նաև իր դժգոհության մասին:

«Խոսքը առավոտյան ժամերի մասին է: Լավ կլինի, որ տրանսպորտը ավելի հաճախ մոտենա, քան կես ժամը մեկ կամ քառասուն րոպեն մեկ: Կիրակի օրը 33 համարի ավտոբուսին սպասել եմ ուղիղ 40 րոպե: Վարչության պետի հետ խոսել եմ. ինչ-որ պատճառաբանություն, խցանում է, և այլն: Երեկոյան ժամերին՝ էլի նույնը: Սրան գումարվում է նաև այն, որ ոչ բոլորն են սպասարկում մինչև գոնե 22:00-ն»:

Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց ասվածին.

«Եթե սպասում ենք, որ 211 ավտոբուսներ մուտք են գործելու երթուղային ցանց, և խնդիրները լուծվելու են, դա այդպես չէ: Խնդրում եմ, մեր քաղաքացիներն այդ ակնկալիքները չունենան: Նշված խնդիրները բարելավելու համար հարկավոր են վերահսկողության մեթոդներ, այդ ուղղությամբ աշխատում ենք և կարծում ենք, որ 2022թ.կունենանք միասնական կառավարման կենտրոնը, որի միջոցով հնարավոր կլինի մեր ենթակայության ներքո գտնվող կազմակերպության տրանսպորտային միջոցների աշխատանքը վերահսկել, ինչպես նաև մասնավորինը»:

Փոխքաղաքապետը հաստատեց, որ խնդիր իսկապես կա, քանի որ շատ տեղերում կանոնակարգված չէ երթևեկությունը, կամ կանոնակարգված է՝ խցանումներ կան:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս