Գույքահարկը վճարելու համար կոդեր են պահանջում. որտեղի՞ց իմանամ, վերցնեմ. Սերգեյ Սարգսյան
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սերգեյ Սարգսյանն ավագանու նիստի ժամանակ հայտնեց, որ գույքահարկը վճարելիս խնդիրների է բախվել:
«Որպես քաղաքացի՝ ուզում եմ վճարել իմ գույքահարկը, դե հերթեր էին: Հետո ասացին, որ, բարեբախտաբար, կա էլեկտրոնային համակարգ: Փորձեցի այդպես վճարել՝ պարզվեց, որ այդ էլեկտրոնային համակարգը, որը կարծես թե այդ հարցի լուծումը պետք է լիներ, ինձանից պահանջեց այնպիսի տվյալներ, որոնց մասին ես գաղափար չունեմ:
Անունս գրում, վերցնում եմ իմ սեփականության վկայականը, ինչ թիվ կա՝ հերթով մուտքագրում եմ, ասում է՝ չէ, սա չէ: Վերջում ընկերներս ասացին՝ հարկային վճարման չգիտեմ ինչ կոդ է պահանջում: Կոդերը որտեղի՞ց իմանամ, վերցնեմ: Հարց է առաջանում, այդ համակարգը նայվե՞լ է քաղաքապետարանի կողմից: Կոդերը դժվար են, ինչո՞ւ չենք գրում հասցե, բնակարան, փողոց, ու բոլոր հարցերը լուծվում են: Ընդհանրապես բոլոր վճարումների միասնական համակարգ պետք է լինի»,- ասաց Սերգեյ Սարգսյանը՝ հավելելով, որ ահագին ջղայնացել է ու էլի պետք է գնա՝ հերթերում կանգնի:
Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ կխոսի և կհասկանան, թե ի՞նչ խնդիր է: