Եթե այսպես շարունակվեց՝ ունենալու ենք դամբարանային քաղաք՝ ամեն շենքի վրա հուշատախտակներ, պուլպուլակներ. Միքայել Մանրիկյան

Այսօր Երևանի ավագանու նիստում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  անդամ Միքայել Մանրիկյանը կարծիք հայտնեց, թե ժամանակն է, որ հստակ ձևաչափ ձևավորվի հուշատախտակների տեղադրման չափորոշիչների վերաբերյալ.

«Եթե այսպես շարունակվեց, կարող է հինգից տասը տարի հետո այս հուշատախտակներով, հարգելով այդ մարդկանց հիշատակը, բայց ունենալու ենք ինչ-որ դամբարանային քաղաք՝ բաց երկնքի տակ․ ամեն շենքի վրա հուշատախտակներ, պուլպուլակներ»,- ասաց նա։

Մանրիկյանը առաջարկեց  հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի խնդրին լուծում տան, որպեսզի հուշատախտակների տեղադրման առաջարկներն անսպառ չլինեն։

«Հարգում ենք բոլորի հիշատակը, բայց ելնելով մեր մենթալիտետից, մենք սիրում ենք քարերով, պուլպուլակներով փորձել հիշատակը հավերժացնել, բայց դա սխալ է, մենք պետք է համահունչ լինենք քաղաքի ճարտարապետության հետ»,- ասաց ավագանու անդամը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև   Երևանի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելուն:

Տեղեկացնենք, որ այսօր ավագանին որոշումներ կայացրեց՝  Երվանդ Ղազանչյանի, Գալյա Նովենցի, Վիլեն Գալստյանի, Նադեժդա Դավթյանի և Կարապետ Եղիազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին:

Տեսանյութեր

Լրահոս