
Տեսչական մարմինը պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատի բացակայության հիմքով 42 խախտում է հայտնաբերել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 14-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում տնտեսավարողների մոտ դիտարկումների արդյունքում հայտնաբերել է 667 խախտում, որոնցից ՊՇՌ հետազոտության կամ ամբողջական պատվաստման սերտիֆիկատի բացակայության հիմքով եղել է 42-ը:
ԱԺ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
«Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել 13 հազար 598 տարբեր տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ստուգայցի ընթացքում բացահայտված խախտումների ընդհանուր դեպքերը 667-ն են, որոնցից ՊՇՌ հետազոտության կամ ամբողջական պատվաստման սերտիֆիկատի բացակայության հիմքով 42-ն է եղել: Նախազգուշացում է տրվել 264 դեպքի առիթով, տույժ-տուգանք է կիրառվել 375 հոգու նկատմամբ»,- ասաց Սարգսյանը:
Տեսչական մարմինը առաջին անգամ նկատելով զգուշացում է տալիս, երկրորդ անգամ՝ կիրառում տույժ-տուգանք: