Պաշտպանության փոխնախարարը չպատասխանեց Իշխանասարի վերաբերյալ հարցին

Սյունիքի մարզի Իշխանասար համայնքի ղեկավարը հայտարարել էր, որ ադրբեջանցիները հետ են քաշվել ՀՀ սուվերեն տարածքի՝ Իշխանասարի հատվածից։  Պաշտպանության նախարարությունը տարածված լուրի առնչությամբ  հորդորել էր՝ սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե՝ հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ՝ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Այսօր ԱԺ-ում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ իրավիճակ է Իշխանասարում, եթե թշնամին հետ է քաշվել, ապա ո՞րն է եղել դրա նախապայմանը։

Սակայն Արման Սարգսյանը որևէ հարցի չպատասխանեց և լրագրողներից բողոքեց, թե նախորդ անգամ գրել էին, որ իբր ինքը ճողոպրել է։

«Ես միշտ խոսում եմ, ուղղակի այսօր շտապում եմ, մյուս անգամ մի շարք հարցերի կպատասխանեմ»,- նշեց Արման Սարգսյանը։

Թե փոխնախարարի ներկայացրած տարբերակներից որն էր լրագրողների հարցերին չպատասխանելու իրական պատճառը, դժվար է ասել:  Տեղեկացնենք միայն այդ պահին հանձնաժողովի նիստի ընթացքում արձագրված մի դրվագի մասին: Երբ Արման Սարգսյանը իր ներկայացրած նախագծի քննարկումից հետո դուրս էր գալիս  հանձնաժողովի նիստի սենյակից, և լրագրողները շտապեցին նրա հետևից դուրս գալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու նպատակով, Անդրանիկ Քոչարյանն այս անգամ էլ փորձեց միջամտել լրագրողների աշխատանքին:

«Իզուր դուրս մի եկեք»,- բարձր ձայնով կանչեց նա դուրս եկող լրագրողների հետևից, հավանաբար  նկատի ունենալով, որ Ա. Սարգսյանը որևէ հարցի չի պատասխանելու։

 

Տեսանյութեր

Լրահոս