Ինչո՞ւ Քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման հարցն հանվեց օրակարգից
Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի մի քանի հարց հանվեց օրակարգից: Դրանք վերաբերում էին Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, իրավաբանական վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:
«Գաղտնիք չէ, որ վերջին 2-3 տարիներին իրավաբանական մեր բլոկի հետ կապված՝ թե՛ ծանրաբեռնվածության հետ կապված, թե՛ եղած որոշումների իրավական դիրքորոշումների իմաստով, ունենք խնդիրներ: Հիմա, երբ նախագիծը եկել է, ինձ համար անհասկանալի է այն տրամաբանությունը, որ մենք հիմա սա հանում ենք օրակարգից: Ինչո՞ւ պետք է սա հանենք օրակարգից, ներկայացրեք հիմնավորումներ»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ հարցը հանվել է օրակարգից, քանի որ հաստիքացուցակների ավելացումը հրատապ կարգով է ներառվել օրակարգում, և հավելյալ ուսումնասիրությունների կարիք կա: Դեկտեմբերի 21-ին նիստ կա, և հարցը կներառվի հերթական նիստի օրակարգում:
Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ պատճառաբանությունն իր համար անհասկանալի է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանի համար ևս ընդունելի էր Խաժակյանի կարծիքը: Նա նշեց, որ եկել են նիստի, որպեսզի քննարկեն նախագծերը ու բոլորը ստանան հուզող հարցերի պատասխանները: