Նիկոլ Փաշինյան․ նահանջորդը

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է հանձնվել՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Այդ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ չկար որևէ հայանպաստ ստորակետ, այն դեպքում, երբ ողջ փաստաթուղթն Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի մասին էր։

Դրանում որևէ խոսք չկար հայ ռազմագերիների վերադարձի, Արցախի կարգավիճակի մասին, փոխարենը՝ ամբողջությամբ շարադրված էին այն բոլոր ռազմավարական նպատակները, որոնց ձգտում է Ադրբեջանը, և որոնք առնվազն չեն հակասում Ռուսաստանի շահերին։

Հայ հասարակության լավատեսական հատվածը մխիթարվում է, որ ի հեճուկս սպասումների՝ Սոչիում չստորագրվեց կապիտուլյացիոն հերթական ակտը, ասենք, «միջանցքի» ամրագրմամբ։

Դա, սակայն, խիստ մակերեսային ու իրավիճակային մխիթարանք է, քանի որ Սոչիում խորքային առումով շարունակվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի տրամաբանությունը՝ սողացող կապիտուլյացիայի ու հայկական շահերի աստիճանական ոտնահարման գործընթացը, որը Նիկոլ Փաշինյանը սպասարկում է իր քարոզիչներին ոգեշնչող, սակայն իրականում խղճահարություն առաջացնող հայացքով ու կեցվածքով։

Հանդիպումից հանդիպում, բանակցությունից բանակցություն Նիկոլ Փաշինյանն ապացուցում է այն պարզագույն ճշմարտությունը, որ պատերազմում պարտված ղեկավարը չի կարող գոնե նվազագույն արժանապատվությամբ ներկայացնել Հայաստանի շահերն աշխարհում, առավել ևս՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Այդ պարզ ճշմարտությունը, սակայն, չհասկացավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ով չհասկանալու սեփական շահերն ուներ, այլ նաև ՀՀ 680 հազարից ավելի հպարտ քաղաքացիներ, որոնք դա չհասկանալու որևէ պատճառ չունենալով, իրենց քվեարկությամբ ապահովեցին Հայաստանի շարունակվող նվաստացումը։

Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ հանուն Հայաստանի պատրաստ չէ հանձնել իշխանությունը, բայց հանուն իշխանության պատրաստ է հանձնել Հայաստանը, ինչը և անում է հանդիպումից հանդիպում ու բանակցությունից բանակցություն։

Անում է հանուն նրա, որ հանդիպումից հանդիպում ժամանակային միջակայքում երկրի ներսում «ուժեղ ղեկավար» խաղա, հոխորտա ընդդիմության վրա, պարգևավճարներ, տենդերներ ու զրահապատ մեքենաներ բաժանի սեփական թիմակիցներին։

Ահա այդ և բազմաթիվ այլ ճղճիմ նպատակներով նա պատրաստ է անձամբ նվաստանալ Պուտինի կամ Ալիևի առաջ, կատարել հերթական զիջումը Հայաստանի հաշվին։

Պետությունների ղեկավարումը, քաղաքական իշխանությունն ընդհանրապես ավելի լայն համատեքստում բնորոշվում են «առաջնորդություն» եզրով։ Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ նոր խոսք է բերում համաշխարհային գիտության ու քաղաքագիտության ասպարեզ։ Այն, ինչ նա անում է Հայաստանի ղեկավարի պաշտոնում, բովանդակորեն ոչ թե առաջնորդություն է, այլ նահանջորդություն։ Ինքն էլ, հետևաբար, ոչ թե Հայաստանի առաջնորդն է, այլ նահանջորդը։

Բայց դա Նիկոլ Փաշինյանին քիչ է հետաքրքրում, նրա համար ավելի կարևոր է ոչ թե պետության ընթացքի ուղղությունը, այլ այն, որ այդ ընթացքն ինքը հակառակ ուղղությամբ է տանում՝ զրահապատ ավտոմեքենաներով ու սարսափազդու թիկնազորով, ինչի համար պատրաստ է վճարելու, այդ թվում՝ Հայաստանի շահերի հաշվին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս