Էրդողանը՝ Սոչիի հանդիպման, Նախիջևանի, Հայաստանի և Իգդիրի կապող ճանապարհի մասին
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Աշգաբադում ՏՀԶԿ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի հետ, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվել անկեղծորեն քննարկել օրակարգում դրված հարցերը:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի՝ օրերս տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
«Ուրբաթ Ալիևն ունեցել է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Մեր զրույցի ժամանակ Ալիևն ասել է, որ Սոչիում հանդիպումը անցել է բավական արդյունավետ. Այժմ լուծվում է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ցամաքային մայրուղու կառուցման հարցը։ Դրա հետ մեկտեղ՝ քննարկվում է դեպի Իգդիր տանող ճանապարհի հարցը: Այդ խնդիրները հաղթահարելով՝ Ադրբեջանը Նախիջևանի և Հայաստանի տարածքով Իգդիրի հետ կապող ճանապարհը շատ հաջող նախագիծ կդառնա։ Մենք արդեն բարձրացրել ենք այդ թեման՝ խոսելով 3+3 պլատֆորմի մասին՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը: