Քաջարանն առանց համայնքապետի գլխատված է. համայնքի ավագանու ուղերձը  դատարանին

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին այսօր համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ուղերձ է ուղարկում  դատարանին։

Ըստ ավագանու, չգիտեն՝ այդ ուղերձն օգուտ կտա՞ գործին, թե՞ ոչ, բայց իրենք վրդովված են, քանի որ չգիտեն, թե ինչի համար են կալանավորել Մանվել Փարմազյանին։

«Շուրջ 6 ամիս է՝ քաղաքապետը չկա, քաղաքն անտեր-անտիրական է։ Հիմա ելնելով այս ամենից՝ ավագանին ուղերձ կուղարկի դատարանին»,- նշեցին ավագանու անդամները։

Ուղերձում, մասնավորապես, ավագանու անդամներն իրենց անհանգստությունն էին հայտնում առ այն, որ առանց քաղաքապետի՝ համայնքը գլխատված է, իսկ քաղաքացիները հիասթափված են։ Հետևաբար՝ հորդորում են դատարանին փոխել Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը և ընտրել մեկ այլ խափանման միջոց։

Ավագանու անդամների մեկնաբանությամբ՝ իրենք չեն քաղաքականացնում, պարզապես ավագանին ժողովրդի կողմից ընտրված մարմին է, որն էլ փորձում է իր ձայնը հասցնել դատարանին։

Քաջարան գյուղի վարչական ղեկավարն էլ հայտարարեց, որ 6 ամիս Մանվել Փարամազյանը կալանքի տակ է, գյուղը սահմանամերձ է, թուրքերը հետևը կանգնած են։

«23 տարի գյուղապետ եմ, 3 տարվա մեջ, եկեք-տեսեք՝ Փարամազյանն ինչ է արել՝ ճանապարհները սարքել են, լույսը, ջուրը, նրան բռնելուց հետո գյուղը խնդրահարույց վիճակում է։ 6 ամիս անիմաստ ինչի՞ են բռնել, ձմեռ է, թուրքն եկել, սարի վրա է նստել, փայտ չկա, ուր գնում ենք՝ օգնող չկա, մեր ղեկավարին բաց թողեք, գա էդ մարդը։ Անիմաստ ինչի՞ են բռնել»,- նշեց Քաջարանի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խարդախություն կազմակերպելու,  կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։

Տեսանյութեր

Լրահոս