«Եթե Ռոբերտ Քոչարյանի գրպանը հարմար առիթով բան չգցեն, նրան կալանավորել չեն կարող». Հովհաննես Խուդոյան

«Որպեսզի հասկանանք վճռի էությունը, պետք է նախ հասկանանք ՝ 1-ին ատյանում դատախազությունն ինչ էր ակնկալում այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը: Դրանից հետո, բնականաբար, այդ հոդվածն իր ուժը կորցնում է, Քրեական օրենսգիրքը չի ունենում նման հոդված, ինչի միակ հետևանքը լինում է՝ չկա հոդված, չկա գործ: Այն պետք է կարճվեր, և հենց նման կարգավորումներ է նախատեսում Քրեական օրենսգիրքը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճռին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Նրա խոսքով՝ դատախազությունն ակնկալում էր, որ իրենց պետք է հնարավորություն տրվի մեղադրանք փոփոխել, բայց դա ուներ մի քանի անլուծելի խնդիր:

«Նախ և առաջ նման հնարավորություն օրենսդրությունը չի տալիս, և իրենց հիմնական խնդիրն այն է, որ նաև այս պրոցեսով էին ցանկանում հաղթահարել, որ նման լիազորություն ավելանա իրենց համար: Իրենք էլ ընդունում են, որ չունեն նման լիազորություն, բայց ինչ-որ եղանակով ցանկանում են դա ստանալ, ինչը ուղղակիորեն ցույց է տալիս, որ կոնկրետ գործով ընկած են կոնկրետ մարդկանց հետևից: Քրեական դատավարության օրենսգրքում ամեն բան հստակ է. եթե չկան հիմքեր, գործն ավարտվում է, ու չպետք է այլ ելքեր փնտրել»,- ասաց փաստաբանը:

Հովհաննես Խուդոյանը նշում է, որ դատախազության հաջորդ սխալն այն էր, որ իրենք, եթե նույնիսկ արարքը վերաորակելու լիազորություն ունենային, չէին կարող դա անել, քանի որ վերաորակելու համար երկու հոդվածները պետք էր համեմատել միմյանց հետ, սակայն այս պարագայում դա էլ հնարավոր չէր անել, որովհետև հնարավոր չէ մի բան համեմատել գոյություն չունեցող բանի հետ:

«Այն պահից, երբ 300.1 հոդվածն իր ուժը կորցրեց, այն այլևս չէր կարող տարբեր իրավական մտավարժանքների առարկա հանդիսանալ»,- ասաց 2-րդ նախագահի փաստաբանական թիմի անդամը:

Ըստ նրա՝ եթե անգամ ՍԴ-ն որոշեր, որ շատ վատ է, որ այս օրենքը չկա, պետք կլիներ նոր օրենք, իսկ դա հնարավոր կլիներ անել միայն Ազգային ժողովի միջոցով, սակայն Քրդատ օրենսգիրքը թույլ չի տալիս նոր օրենքը կիրառել նախորդ գործերի վրա, եթե դա կարող է վատթարացնող հետևանք ունենալ:

«Այսինքն՝ ի սկզբանե դատախազությունում բոլորի համար պետք է ակնհայտ լիներ, որ այս պրոցեսը նույնիսկ իրավաբանության պարագայում ինձ անհայտ ամենաֆանտաստիկ լուծումների դեպքում, միևնույն է, չի կարող անդրադառնալ այս գործի վրա: Իմ տպավորությունը միանշանակ այն է, որ սա ընդամենը աշխատանքի իմիտացիա է՝ հիմնավորելու համար իրենց թույլ տված ձախողումը: Իրենք իրենց՝ նախկինում թույլ տված բացթողումը փորձում են դատարանների ձեռքով կատարել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Հարցին՝ Վերաքննիչի այս որոշումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որևէ տարբերակ այլևս չկա, փաստաբանն ասաց՝ եթե հարմար առիթի պարագայում գրպանն ինչ-որ բան չգցեն, կարծում եմ, ոչ:

Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա 2-րդ նախագահին առաջադրված կաշառքի մեղադրանքին, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այդ գործով դեռևս նախաքննության ընթացքում, երբ կալանքի միջնորդություն էր ներկայացվել, ապացույցների այն ծավալով, որ այժմ դատարաններում կա, հիմնավոր կասկած չեն գտել:

«Ապացույցները շատ չեն՝ մի քանի վկա, մի քանի այլ ապացույց, բայց վերջին կալանքի քննարկման պահից հետո որևէ լրացուցիչ գործողություն չի եղել, ապացույց չի հավաքվել, որովհետև գործի քննությունն արդեն ավարտվել էր: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. նույնիսկ կալանքի համար հիմնավոր կասկածի շեմը չեն կարողացել հաղթահարել, հիմա այդ գործով ուզում են հասնել մեղադրական դատավճռի՞…»,- տարակուսում է Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանը նկատում է՝ «Սիլվա Համբարձումյանի գործը» նախագահի վրա հնարվեց սոսկ նրա համար, որ կարողանան վերջինիս գույքի վրա կալանք դնել. այլ լուծում այս գործն իրենց չի տվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս