ԱՄՆ կառավարությունը պետք է օգնություն չտրամադրի Ադրբեջանին. Հայ դատի հանձնախմբի խոսնակ
Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և Արցախի անվտանգության, Հայաստանի հզորացման և անվտանգության ամրապնդման հարցերը Հայ դատի հանձնախմբի գլխավոր առաջնահերթություններից են:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջնահերթ անելիքների մասին:
«Այդ հարցերի շուրջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ամեն քայլափոխին, ամեն ձևերով աշխատում է, և դրա արդյունքները շատ հստակ են: Հենց այսօր Սենատում պիտի քննարկվի ընդհանուր Միացյալ Նահանգների անվտանգության բանաձևը, որի մեջ կա երկու բարեփոխում, ինչի ուղղությամբ Հայ դատի հանձնախումբը աշխատել է սենատորների հետ, որպեսզի կրճատվի ամերիկյան օգնությունը Ադրբեջանին: Սա մեր գերադաս աշխատանքներից մեկն է, որովհետև, ի վերջո, նկատի առնելով Ադրբեջանի կառավարության հարձակողական դիրքը, նկատի առնելով 2020-ի պատերազմը, նկատի առնելով, որ այդ պատերազմը հստակորեն մինչև օրս վերջացած չէ, ամերիկյան կառավարությունը պետք է որևէ օգնություն չուղարկի Ադրբեջան», – լրագրողներին հայտնեց Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակի խոսնակը:
Չուլջյանը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները 2016 թվականին ավելի քան 120 մլն դոլար օգնություն էր ուղարկել Ադրբեջանին, և դրա հետևանքը 2020 թվականի աշնանը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան էր:
Չուլջյանի խոսքով՝ Հայ դատի հանձնախումբը շարունակում է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1992 թվականից սկսված աշխատանքը, երբ ԱՄՆ կոնգրեսը «Ազատության Աջակցության Ակտի» շրջանակներում ընդունեց այսպես կոչված «907 հատվածը» (Section 907) կամ ինչպես Հայաստանում է ավելի հայտնի՝ 907-րդ բանաձևը, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայ դատի գրասենյակն այժմ ջանքեր է գործադրում, որպեսզի ԱՄՆ նախագահներն այլևս իրավունք չունենան շրջանցելու այդ բանաձևը, և Ամերիկայից որևէ օգնություն, հատկապես ռազմական օժանդակություն չուղարկվի Ադրբեջան:
«Դրա կողքին ևս աշխատանք ենք տանում, որպեսզի վստահեցնենք, որ ամերիկյան տեխնոլոգիաները չօգտագործվեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ ինչպես եղավ 2020 թվականին: Տեսանք, որ թե՛ թուրքական անօդաչու սարքերը, որոնք կիրառվել են 2020-ի պատերազմում, փաստորեն պատրաստվել են ամերիկյան տեխնոլոգիաներով: Եվ այս պարագայում դրա դեմ պետք է պատժամիջոցներ լինեն: Օրենքներ կան, որ ասում են, թե ամերիկյան տեխնոլոգիան պիտի չօգտագործվի անմեղ քաղաքացիների դեմ», – հավելեց խոսնակը:
Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով՝ Հայ դատի հանձնախումբը այժմ աշխատում է կոնգրեսականների հետ նաև Արցախին և Հայաստանի Հանրապետությանը հատկացվող ամերիկյան օժանդակությունը ընդլայնելու ուղղությամբ:
«Ներկայացուցիչների պալատը 2,5 մլն դոլարի չափ գումար տրամադրեց Արցախին: Դա բավարար չէ՝ մանավանդ նկատի ունենալով 100 հազարից ավելի անտուն բնիկ հայերին, որոնք ստիպված եղան լքել Արցախի իրենց տները: Ուրեմն, այս հարցերի շուրջ շարունակում ենք աշխատել թե՛ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի և, ինչու չէ, նաև Սպիտակ տան հետ, որպեսզի ընդլայնենք այդ աշխատանքները», – տեղեկացրեց Եղիսաբեթ Չուլջյանը:
Եղիսաբեթ Չուլջյանը ժամանել է Երևան մասնակցելու այսօր՝ նոյեմբերի 29-ին մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին: