«Նախագահի աշխատակազմը ներգրավված չէ այդ գործընթացներում». նախագահականից արձագանքում են
«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ՝ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել»,- մեկ տարի առաջ հրադադարի մասին աղմկահարույց համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել էր նախագահ Արմեն Սարգսյանը:
Պատերազմից շուրջ մեկ տարի անց՝ Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ, 168.am-ը ՀՀ նախագահից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք այս անգամ նա տեղյա՞կ է, թե ինչ օրակարգով է կայանալու հանդիպումը:
Նկատենք, որ թեև հանրային ու քաղաքական շրջանակներն օրեր շարունակ քննարկում էին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ին Սոչիում և դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում հանդիպումները, սակայն պաշտոնական շրջանակները չէին շտապում բացահայտել, թե ինչ օրակարգերով են տեղի ունենալու այդ հանդիպումները:
Հենց այս պատճառով հենց նոյեմբերի 26-ին՝ Սոչիի հանդիպումից առաջ, գրավոր հարցմամբ Արմեն Սարգսյանին խնդրեցինք պատասխանել՝ որպես «պետության գլուխ», «Սահմանադրության պահպանմանը հետևող»՝ տեղյա՞կ է, թե ինչ օրակարգերով են տեղի ունենալու այդ հանդիպումները, արդյոք Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացրե՞լ է հանդիպման օրակարգը, և արդյոք այդ հանդիպումների ընթացքում փաստաթղթերի ստորագրում նախատեսվո՞ւմ է:
Մեր հարցման պատասխանը ստացանք այսօր. Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից բոլոր հարցադրումներին ի պատասխան՝ միայն հարկ էին համարել հիշեցնել, որ վարչապետի հանդիպումների օրակարգի, հնարավոր ստորագրվելիք փաստաթղթերի և դրանց բովանդակության մասին տեղեկատվության հանրայնացումը վարչապետի աշխատակազմի իրավասությունն է, և, որ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է կառավարությունը:
«Հանրապետության նախագահի աշխատակազմը ներգրավված չէ այդ գործընթացներում»,- նշել էին աշխատակազմից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Հանրապետության նախագահը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման վերաբերյալ:
Ի դեպ, նախագահականից չէին պատասխանել հարցին՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հանդիպման օրակարգը: