Աշխարհը փոխեց վերաբերմունքը՝ տեսնելով, որ հայերը չեն պաշտպանում իրենց իրավունքը․ Կիրո Մանոյան
Պատերազմի ժամանակ՝ դեռ պատերազմը չվերջացած, բացառապես Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի աշխատանքի արդյունքում եղան երկրների խորհրդարաններ՝ Հարավային Ամերիկայից սկսած մինչև Չիլի և եվրոպական որոշ երկրներ, որոնք դատապարտեցին Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումները Արցախի վրա․ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացմանը։
«Պատերազմը ստեղծեց լրիվ նոր իրավիճակ նաև աշխարհի վերաբերմունքի մեջ․ աշխարհը երբ տեսավ, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն պաշտպանելու հայկական շահերը, արդեն իրենք իրենց կեցվածքի մեջ հավելյալ փոփոխություն մտցրին․ եթե հայերը չեն պաշտպանելու իրենց իրավունքը, մենք ինչո՞ւ պետք է պաշտպանենք հայերի իրավունքը և վնասենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,-ասաց Կիրո Մանոյանը։