«ՀՀ–ում այսպես մտածող մարդկանց ասում են հայդատականներ, ոչմիթիզականներ․․․ գիտեք ովքեր են դա ասում». Իշխան Սաղաթելյան

Երևանում սկիզբ առավ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը։

Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատու-սիրելի ընկերներ, հարգելի հյուրեր, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ ձեզ, ուրախ եմ մայր հայրենիքում մեկ սեղանի շուրջ տեսնելու այսքան հարազատ դեմքեր, Հայ Դատի նվիրյալներ ու սիրելի ընկերներ։

Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների այս խորհրդաժողովն անցկացվում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ:

Մենք կրկին հավաքվել ենք համակարգելու, համադրելու և նոր թափ տալու մեր աշխատանքներին մի իրավիճակում, երբ մեր գործունեության առանցք հանդիսացող Արցախի Հանրապետության մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ։

Սակայն դժվար ժամանակներն են, որ լավագույնս ի հայտ են բերում իրական նվիրյալներին` ազգային էլիտաներին։ Այս առումով պետք է հպարտությամբ նշել, որ Հայ Դատի պատասխանատու ընկերները, ատամներով սեղմած ցավն ու կսկիծը, համատարած հուսահատության պայմաններում քայլ անգամ չնահանջեցին հայության շահերի պաշտպանության դիրքերից։

Մեր Հայրենիքը, հետևաբար և կուսակցությունը, դիմակայում են իրենց պատմության դժվար փուլերից մեկը, բայց ոչ միակը։ Հարյուրամյակների ընթացքում մեր ժողովուրդը ստիպված է եղել հաղթահարել նման իրավիճակներ, իսկ հաղթահարման բանալին եղել է ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, ավելի ուժեղ և շատերի համար անհնարին թվացող պատասխաններում։ Վերահառնման յուրաքանչյուր փուլում դրվել է ոգու բարձրացման, ազգային հպարտության, աշխարհում արժանապատիվ ապրելու իրավունքի վաստակմանն ուղղված ճիգը: 1915թ․ Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած անկախ պետականության հռչակումը, անկախության անկումն ու Լեռնահայաստանի պայքարը, Սյունիքի դիմադրությունը, 1960-ականներից ցեղասպանության ճանաչման շարժում՝ իր տարբեր դրսևորումներով,պայքար, որը առանցքային դեր ունեցավ նաև հայ ժողովրդի ոգու բարձրացման, համախմբման և սփյուռքին նոր կյանք տալու համար: Սպիտակի երկրաշարժ և Ղարաբաղյան շարժում, Արցախի ազատագրում, հաղթանակ։

Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, դա իշխանության ղեկին հայտված մի խումբ մարդկանց գործունեության արդյունք է և բոլոր այն փորձերը ներքին ու արտաքին մի շարք ուժերի կողմից` հայ ժողովրդին ներկայացնել իբրև թույլ ու չհաղթող, ձախողված և դատապարտված ազգ պետք է ստանան համարժեք պատասխանը։
Սիրելի հայրենակիցներ, հարյուրամյակնեներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապես եղել և լինելու է գոյութենական պայքարի մեջ` մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականության պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցությունը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

Նախ պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները և ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը,ունենալ ազգային երազ և գնալ դրանց հետևից։

Այս օրերին Հայաստանում այսպես մտածող մարդկանց ասում են հայդատականներ, ոչմիթիզականներ կամ պաթոսով հայրենասերներ, գիտեք ովքեր են դա ասում, մի խումբ անհայրենիք, անսրբություն, ապազգային տարրեր,ովքեր մեր երկիրը կանգնեցրին աղետի առաջ, ովքեր ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը և խաղաղությունը պայմանավորեցին զիջումներով, ովքեր հետևողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը:
Հայաստանում ստեղծված իրավիճակը ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի:
Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, իշխանությունների պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է հերթական սին հույսերն են. ճգնաժամը գնալով ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին:

Անհրաժեշտ են համալիր մոտեցումներ, նախ պետք է վերականգնել երկրում սահմանադրականությունը,կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը:
Ելնելով նոր իրողություններից` մշակել նոր հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության, տնտեսության ոլորտներում:

Կրթական և մշակութային խորքային բարեփոխումներ, նոր բովանդակություն, որի հիմքում պետք է լինի ազգային դաստիարակությունը։
Հայ Առաքելական եկեղեցու հեղինակության և դերակատարության արժևորում և բարձրացումը…

Մանրամասն կարելի է ներկայացնել այն ծրագրերը և քայլերը, որոնք անհրաժեշտ է մեր երկրին ստեղծված վիճակից դուրս գալու համար, բայց քանի դեռ այս իշխանությունը կա, դա այլևս անարդյունք է, հետևաբար այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանավորներին, դիմադրություն հանրային կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրության թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները իրենց աթոռներից:
Ժամանակը սուղ է․ կա՛մ այն կօգտագործենք մեր օգտին, կա՛մ կկորցնենք անվերադարձ։ Փոփոխություն կարող է բերել միայն մեր պետականությանը հավատարմություն ունեցող,ազգային պրոֆեսիոնալ նվիրյալների թիմը։

ՆԵՐՈՒԺ

Սիրելի հայրենակիցներ,
հայ ժողովուրդը ունի այդ ներուժը ոտքի կանգնելու համար, առաջին հերթին դա տասը միլիոն հայերի համախմբումն է:

Հայաստանի վերականգնումն անհնար է առանց Սփյուռքի, իսկ Սփյուռքը խորն է և բազմաշերտ, անհրաժեշտ են նոր մոտեցումներ և միասնական օրակարգ:

Դրա համար ն անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝
համազգային նպատակների սահմանում, վստահության վերականգնում, հայրենիքով ապրելու և հպարտ լինելու միջավայր, հայրենադարձությունը խրախուսող քաղաքականություն, պետականաշինության մեջ սփյուռքահայության անխուսափելի մասնակցության։

Սիրելի ընկերներ, Հայաստանում պարտվողականության, հարվարվող-պատեհապաշտության քարոզը ապագա չունի, ապագան ազգային, ամուր և արժանապատիվ պետությունն է, որի կայացման գործում մենք վստահաբար անելիք ունենք։ Խնդրում եմ` շարունակեք հանուն Արցախի և Հայաստանի ձեր պայքարը։
Սիրելի հայրենակիցներ,

Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, Արցախի կամ Սյունիքի ճակատագիրը կախված չէ մեկ պաշտոնյայի որոշումից, Արցախի և Հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է, եկեք չմոռանանք` Արցախը մեր ժառանգությունն է , մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր ապրելու և ապրեցնելու բնական իրավունքը, Արցախը մեր հողն ու ջուրն է, արյունը, մեր ինքնությունը.

Հաջողություն խորհրդաժողովի աշխատանքներին։

Տեսանյութեր

Լրահոս