Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. փաստաբանական թիմի լուրջ հակափաստարկները հաշվի չեն առնվել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին 168.am-ին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության նախկին նախարարի կալանքի հարցը քննվել է 3 օրում, որոշումը կայացվել է շաբաթ օրը:

Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը բավականին  հակափաստարկներ է ներկայացրել ավիացիոն հրթիռների պահանջարկ լինել-չլինելու և պիտանիության  վերաբերյալ:

«Ներկայացրել ենք հակափաստարկներ, մեր կողմից ձեռք բերված ապացույցները,  բայց շուրջ 15 ժամ տևած միջնորդության քննության արդյունքներով, ի զարմանս մեզ, դատարանը որոշեց, այնուամենայնիվ, բավարարել այն: Մեզ համար դեռ անհայտ է, թե, օրինակ, քննիչի ներկայացրած մեկ տվյալի դիմաց մեր առնվազն երեք դա հերքող տվյալի փաստի պարագայում ինչպես կարող էր կալանքի երկարացման միջնորդությունը բավարարվել»,- նշեց Հովհաննիսյանը։

«Օրինակ, ասում են, որ նշված սպառազինությունը ձեռք է բերվել առանց Պաշտպանության նախարարության պահանջարկը հաշվի առնելու, կոպիտ ասած, դա մեզ պետք չի եղել, բայց ձեռք է բերվել, մենք շատ կոնկրետ, լուրջ և հավաստի ապացույցներ ենք ներկայացրել դրա հետ կապված, որոնք որևէ կերպ չեն կարող հերքվել: Մենք բերել ենք լուրջ ապացույցներ, համապատասխան իրավական ակտեր, մասնագիտական լուրջ կարծիք՝ ոչ միայն պահանջարկի հետ կապված, որ այն եղել է, այլև՝ հրթիռների որակի հետ կապված: Այն, ինչ մեղսագրվում է Դավիթ Տոնոյանին, հավատացնում եմ, ընդամենը ենթադրությունների մակարդակում է, և մենք ստիպված ենք այդ ընթադրությունների դեմ պայքարել, ինչը, ամեն դեպքում,  ըստ էության հաջող ստացվում է»,- շեշտեց Տոնոյանի պաշտպանը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված լուրջ հակափաստարկների առկայության պարագայում կալանքի երկարացման որոշման կայացումը, արդյոք այստեղ քաղաքական ենթատեքստ կա՞, Սերգեյ Հովհաննիսյանն ի պատասխան՝ անդրադարձավ այն պնդմանը, թե մատակարարված հրթիռները չեն կիրառվել վերջին պատերազմի ժամանակ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

«ԱԱԾ առաջին հայտարարության մեջ խոսք էր գնում, որ ձեռք բերված հրթիռներն անգամ պատերազմի ժամանակ չեն կիրառվել, իսկ ես հայտարարեցի, որ քրեական գործով առկա են տվյալներ, որ դրանք կիրառվել են»,- եզրափակեց Դավիթ Տոնոյանի պաշտպանը:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հրթիռների փորձաքննության հարցին, Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանըկոչ էր արել վերադառնալ իրավական ընթացակարգերին և ապահովել օբյեկտիվ քննություն:

«Մեր միակ սպասելիքը դա է՝ օբյեկտիվություն: Մենք պահանջում ենք անցկացնել փորձաքննություն այն ծավալով, որն ի սկզբանե նշանակված է եղել: Եվ, ի վերջո, տրվի պատասխանն այն հարցերի, որոնք այս ամբողջ ընթացքում շահարկվել են»,- շեշտել էր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս