Բաժիններ՝

Մարքետոլոգները պլանավորում են գովազդ հեռարձակել երազներում

Ոչ, սա Black Mirror-ի նոր դրվագը չէ:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT), Հարվարդի և Մոնրեալի համալսարանի  գիտնականների կողմից հրապարակված նոր շարադրանքի համաձայն, շուկայագետները ակտիվորեն փնտրում են երազներ ներխուժելու միջոց: ԱՄՆ-ի 400 մարքետոլոգների շրջանում վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ 77%-ը ծրագրում է սկսել օգտագործել երազներում գովազդ ցուցադրելու ինչ-որ տարբերակ առաջիկա 3 տարվա ընթացքում:

Sleep hacking սարքերը (TDI) արդեն գոյություն ունեն, օրինակ՝ նույն MIT-ի Dream Lab թիմը դեռ 2020 թվականին խոսել էր Dormio կոչվող գաջեթի ստեղծման մասին։ Սա ձեռնոց է, որը կարդում է քնած մարդու ցուցանիշները, և երբ նա գտնվում է հիպնագոգիկ փուլում (քնի և արթնության միջանկյալ վիճակ), այն վերարտադրում է ձայներ և հոտեր, ինչպես նաև արձանագրում է ռեակցիան։ Սա բազմիցս կրկնվում է քնած ժամանակ՝ ազդեցությունը ամրապնդելու համար։

Dormio թեստն անցկացվել է 25 կամավորների հետ, որոնց ձեռնոցը մի քանի սեանսների ընթացքում կրկնել է «ծառ» բառը: Արդյունքում, քնի մասին 67 զեկույցներից 45-ը նշել է ծառերը՝ ոչ որպես ֆոնային առարկա, այլ որպես երազի կարևոր մաս: Օրինակ՝ մի մասնակից գրել է, որ ինքը երազում տեսել է, որ «ծառերի արմատները զարկվում են տարօրինակ էներգիայով, ասես ցույց են տալիս ճանապարհը», մինչդեռ մյուսը հիշել է, որ երազում ինքը ծառերից շատ ավելի բարձր է և կարող է դրանք ուտել՝ որպես խորտիկ։

Նշվում է, որ այս երազները առանձնանում էին կրեատիվությամբ և պայծառությամբ, և այս վիճակը հետագայում կարող է ոգեշնչման աղբյուր ծառայել գրողների, արվեստագետների և երաժիշտների համար։ Բայց շուկայավարներին, իհարկե, չի հետաքրքրում նման զարգացումների ստեղծագործական կողմը։

Ավելին, երեք էսսե գրողներից երկուսն աշխատել են Dormio-ով, և նրանցից մեկի հետ արդեն կապվել են մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրված են TDI-ի առևտրայնացմամբ: Սակայն նման սարքերի հիմնական սկզբունքները համեմատաբար հեշտ են հասկանալու և տիրապետելու համար, ինչը նշանակում է, որ շուտով շուկայագետներն այլևս գիտնականների օգնության կարիքը չեն ունենա:

Ամերիկյան Molson Coors գարեջրագործական ընկերությունն այս տարվա սկզբին արդեն փորձարկել է նմանատիպ սարքավորումներ: Ընկերությունը կամավորներին հրավիրել է փորձարկել TDI գովազդը՝ անվճար գարեջրի դիմաց։ Ընթացքում մասնակիցներին քնելուց առաջ տեսանյութ են ցուցադրել պարող գարեջրի տուփերով, խոսող ձկներով և այլ տարօրինակ տարրերով։ Ապրանքանիշի ներկայացուցիչները հայտնել են, որ 18 փորձարկվողներից 5-ը երազ են տեսել Coors գարեջրի մասին, սակայն հետազոտության արդյունքներն այդպես էլ չեն հրապարակվել։

Գիտնականները կարծում են, որ նման տեխնոլոգիաների կիրառման հիմնական վտանգն այն է, որ մարդը կարող է ոչինչ չհիշել։ Էսսեում հեղինակները մեջբերում են մի հետազոտություն, որտեղ գիտնականները քնած ծխողների կողքին խառնել են փտած ձվերի կամ ձկան հոտերը ծխախոտի ծխի հետ: Հաջորդ շաբաթվա ընթացքում հետազոտվողները սովորականից 30%-ով ավելի քիչ են ծխել, բայց չեն հիշում, թե ինչ հոտեր են զգացել քնած ժամանակ։

Գիտնականները կարծում են, որ երազներ ներխուժելու փորձերը պետք է, եթե ոչ՝ կասեցվեն, ապա՝ գոնե վերահսկվեն, և նրանք անընդունելի են անվանում Molson Coors-ի՝ անառողջ ապրանքներ այս կերպ վաճառելու ծրագրերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս