ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի եռակողմ հանդիպումը՝ կողմերին հորդորելով խնդիրները լուծել առկա ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը, հայտնում է cgtn.com-ը։

Գուտերեշն ի գիտություն է ընդունել համատեղ հայտարարությունը և երախտագիտությամբ նշել Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական շփումների և երկխոսության դյուրացման գործում, ասել է Գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը։

«Գետերեշը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով ուղղակի փոխգործողության վերականգնմամբ և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը նրանց հանձնառության վերահաստատմամբ»,-ասված է հայտարարությունում:

Գուտերեշը վերահաստատել է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տևական խաղաղությունը կարելի է ձեռք բերել միայն երկխոսության միջոցով, և կողմերին հորդորել է լուծել առկա խնդիրները բոլոր առկա ձևաչափերի միջոցով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական, վերականգնման և տեղում խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով, ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն են ստորագրել, որում վերահաստատել են «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման»:

Տեսանյութեր

Լրահոս