Ամերիկահայ կիթառահարը ցանկանում է, որպեսզի հայկական ժողովրդական գործիքները ճանաչելի դառնան աշխարհում
Ամերիկահայ կիթառահար Մարկ Մարգարյանն այս անգամ Հայաստան է եկել նոր նախագծով. Pomegranate Street Music Project-ը, որն ընդամենն օրեր առաջ է ստեղծվել, Հայաստանում բնակվող ժողովրդական գործիքների պրոֆեսիոնալ նվագողների համար աշխատանքային հնարավորություններ կստեղծի:
Նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել այդ երաժիշտների աշխատանքը, այլև դրամական նվիրատվությունների շնորհիվ նրանց համար պրոֆեսիոնալ տեսահոլովակներ նկարահանել ու հայ մշակույթը ներկայացնել աշխարհին:
«Այս երաժիշտները կարևոր դեր ունեն ներկա և ապագա սերունդների համար «ազգային» մշակույթի և երաժշտական արվեստի ձևերի պահպանման գործում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարկ Մարգարյանը՝ հույս հայտնելով, որ հանրության աջակցության և խրախուսման շնորհիվ՝ այս նախագիծը կկայանա:
Մարկ Մարգարյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, ավարտել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտը: Դեռ 10 տարեկանից կիթառը նախընտրած երաժիշտը 16 տարեկանում սկսում է ուսանել նաև թառ:
«Ուսանել եմ թառահար Սուրեն Մեհրաբյանի մոտ. այդտեղից եմ ծանոթ հայկական երաժշտությանը: Կիթառ ուսանել եմ՝ ինչպես համալսարանում, այնպես էլ՝ համալսարանից դուրս՝ տարբեր ջազ նվագողների մոտ: Կարևոր դեր է խաղացել հատկապես Բրյուս Ֆորմանը:
Հայաստանում առաջին անգամ եղել եմ 15 տարեկանում, դրանից հետո մի քանի անգամ գնացել-եկել եմ: Երբ ավարտեցի համալսարանս, եկա Հայաստան ու սկսեցի կարճ ժամանակ կիթառի դասեր տալ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում:
Այս անգամ փորձելու եմ այս նախագիծն առաջ տանել, քանի ցանկանում եմ, որ Հայաստանում ապրող իմ երաժիշտ ընկերները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց արվեստը ու հայկական ժողովրդական գործիքներն աշխարհում»,- պատմեց երաժիշտը:
Մարկ Մարգարյանը տեղեկացրեց, որ նախագիծն ունի կայքէջ, որի մասին համացանցում տեղեկացնում է նախագծում ընդգրկված երաժիշտների կատարումներով:
«Երաժշտությունը կատարում ենք ակուստիկ պայմաններում, ես կիթառով նվագակցում եմ երաժիշտ ընկերներիս»,- հավելեց նա: