Միլիոնավոր դրամներ ու նոր հաստիքներ՝ Հայաստանում կոռուպցիան կանխարգելելու համար
Նիկոլ Փաշինյանը, որը հեղափոխության թևերով իշխանության էր եկել պետական համակարգը ուռճացումից ազատելու և բյուջեն ուռճացումից փրկելու կարգախոսներով, իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն անտեսել է որդեգրած կարգախոսներն ու իրականություն չի դարձրել խոստացած պայքարը, այլև շարունակում է իր քննադատած մեթոդներով էլ ավելի ծանրաբեռնել պետական բյուջեն։
Մասնավորապես՝ 2020 թվականին Կառավարության ընդունած որոշումներից մեկով ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուռճացրած՝ 40 հոգանոց հաստիքացուցակով:
Հանրությանն առ այս պահը հայտնի չէ, թե քանի կոռուպցիոն գործարք է կանխարգելել այս հանձնաժողովն իր գործունեության ընթացքում: Հայտնի չէ նաև, թե հանձնաժողովի ուշադրության կենտրոնում երբևէ հայտնվե՞լ են կառավարությունում և Ազգային ժողովում նստած պաշտոնյաների ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունների և մեկ անձից կատարված միլիոնավոր դրամների գնումները, թե՞ ոչ:
Կոռուպցիան կանխարգելելուն միտված հստակ քայլեր դեռևս տեսանելի չեն: Բայց տեսանելի են պետական համակարգը և բյուջեն ծանրաբեռնելու գործողությունները: Պարզվում է՝ հանձնաժողովին չի բավարարում 40 աշխատակիցը, այն նոր ևս 13 հաստիքով համալրելու խիստ անհրաժեշտություն կա:
Այդքան աշխատակցին աշխատավարձ հատկացնելուց բացի, նաև անհրաժեշտ է համապատասխան գույքով ապահովել, և հենց այդ նպատակով բյուջեն կծանրաբեռնվի ևս 10 միլիոն դրամով։