ՀՀ իշխանությունները զգուշացրել են` եթե հիմա որևէ բան ստորագրեն, Հայաստանում մի քանի օրվա ընթացքում հեղափոխություն կլինի. Նաիրի Հոխիկյան
Առաջնագծում բացի նրանից, որ զինվորներ են զոհվում, այլև տեսնում ենք` ինչ վատ է կահավորված առաջնագիծը, քամին քշում է մեր զինվորների վրանները, մեզնից յուրաքանչյուրը ավելին չէ, քան առաջնագծի զինվորը։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Այսօր մեր երկիրը օտարի ձեռքին է, իսկ այս երկրի ղեկավարները փաստացի ծառայում են թշնամուն, հետևաբար չպետք է ինչ-որ բան խնայենք։ Որքան մենք իներտ լինենք, այնքան միջնորդավորված ինքներս ենք ծառայելու թշնամուն։ Դուք պահանջում եք, որպեսզի մենք գնանք կտրուկ գործողությունների, բայց դուք եք այն մարդիկ, որ մեզ կարող են տանել նման գործողությունների»,- ասաց Հոխիկյանը։
Հոխիկյանը նշեց, որ իրենց երեկվա կոշտ հայտարարությունները արձագանք են ունեցել։
«Երեկ ուշ երեկոյան և այսօր առավոտյան անձամբ ինձ հետ կապվել են որոշ պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլև՝ Ռուսաստանից։ Նրանք ասում են, որ Հայաստանի իշխանությունները զգուշացրել են, որ չեն կարող որևէ բան ստորագրել հիմա, որովհետև, եթե հիմա որևէ բան ստորագրեն, Հայաստանում մի քանի օրվա ընթացքում հեղափոխություն կլինի։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։