«3+3» ձևաչափի գաղափարն ուղղված է Մինսկի խմբի ձևաչափի տապալմանը. Վահրամ Բալայան

Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը մեծ ակնկալիքներ չունի և կարծում է՝ դժվար թե Արցախի հիմնախնդրի հետ կապված որևէ դրական տեղաշարժ արձանագրեն։

«Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ ասաց, թե պետք է աշխատանքային խումբ ձևավորվի՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Այլ նյուանսների մասին խոսք չկար։ Չեմ կարծում, որ այս հանդիպմանը կոնկրետ Արցախի հետ կապված որևէ էական հարց կլուծվի, որովհետև այսօր Արցախին հիմնականում հետաքրքրողը կարգավիճակից բխող հարցն է։ Իհարկե, անվտանգության խնդիրը նույնպես արդիական ու կարևոր է, բայց ընդհանուր առմամբ որպեսզի տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն ապահովվի, պայմանավորված է Արցախի կարգավիճակով։ Կարգավիճակը թողնել այսպես առկախված վիճակում, սա հնարավորություն չի տալիս, որպեսզի ակնկալենք, թե տարածաշրջանում կարող է երկարատև խաղաղություն պահպանվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։

Ըստ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորի՝ ճիշտ ու տեղին կլինի, որպեսզի քննարկումների առարկա դառնա ոչ միայն տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ հարցերը, այլև Արցախի միջազգային ճանաչման, Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ տարածքում ազատ ապրելու իրավունքի փաստն արձանագրվի։

Անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Վահրամ Բալայանը նկատեց՝ «3+3» ձևաչափի գաղափարն ուղղված է Մինսկի խմբի ձևաչափի տապալմանը։

«Թուրքիան և Ադրբեջաննն առաջ են տանում այն գաղափարը, որ տապալեն Մինսկի խմբի ձևաչափը։ Մասնավորապես վերջին տարիներին Թուրքիան անընդհատ խոսում է այն մասին, որ ինքը նույնպես պետք է ներգրավվի բանակցային գործընթացում։ Թերևս, հասկանալի է, որ այսօր Թուրքիան տարածաշրջանում արդեն ֆիզիկապես ներկա է, ցավոք սա իրականություն է։ Այժմ էլ ձգտում է, որպեսզի այդ ամենը արձանագրվի նաև դիվանագիտության ոլորտում, ինչ-որ տեղ նաև օրինականացվի, և փորձեն Մինսկի խմբին դուրս մղեն։ Վերջին 2-3 օրերի ընթացքում Բաքվում քննարկվում էր Ֆրանսիային անվստահություն հայտնելու հարցը, որպեսզի նրան դուրս մղեն Մինսկի խմբից։ Սրանք փաստեր են, որոնք վկայում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են քանդել Մինսկի խմբի ֆորմատը։ Ադրբեջանի ղեկավարը մշտապես հայտարարում է, որ Արցախի հարց գոյություն չունի, և իր քայլերով փորձում է քար դնել հարցի վրա։

Կարծում եմ՝ հայկական դիվանագիտությունը պետք է բավականին ջանքեր գործադրի, որպեսզի պահպանի Մինսկի խմբի ձևաչափը և ոչ միայն պահպանի, այլև տեղափոխի գործնական քայլերի փուլ, որպեսզի հայտարարություններից զատ, լինեն նաև գործնական քայլեր։ Այսինքն՝ հարցը տեղափոխի քննարկման ոլորտ, ակտիվացնի և ապահովի գործնական լուծում»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Տեսանյութեր

Լրահոս