«Եթե ձեր սիրելի վարչապետն իրոք իր հայրենիքը սիրում է, գոնե այս 3 գործողությունը պետք է իրականացնի». Արա Զոհրաբյան

Ազատագրական շարժման անդամներն այսօր առավոտյան հերթական բողոքի ակցիան էին իրականացրել՝ փակելով Նալբանդյան փողոցը։ Շարժման անդամներից փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը կոչով դիմել էր խցանման մեջ գտնվող վարորդներին՝ միանալ իրենց, շեշտելով, որ Հայաստանն այսօր լուրջ վտանգների առաջ է կանգնած, և ժողովուրդը պետք է դուրս գա պայքարի: Ճանապարհը փակելուց 1 րոպե էլ չէր անցել, երբ կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել նախ՝ Արա Զոհրաբյանին, ապա՝ ակցիայի մյուս մասնակիցներին:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Արա Զոհրաբյանը ներկայացրեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել, և ինչ է տեղի ունեցել ոստիկանության բաժանմունքում:

«Բողոքի ակցիան խաղաղ հավաք էր, փորձում էինք հանրության ուշադրությունը սևեռել այսօր Սոչիում տեղի ունեցող բանակցությունների վրա: Ոստիկանները «Հավաքների ազատության մասին» օրենքի և «Ոստիկանության մասին» օրենքի կոպիտ խախտումներով մեզ բերման ենթարկեցին: Մասնավորապես՝ «Հավաքների ազատության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ եթե ոստիկանությունը գտնում է, որ հավաքը խաղաղ չէ կամ ինչ-որ օրենքի խախտումներով է, ապա հավաքի կազմակերպչին պահանջ է ներկայացվում և տրվում է ողջամիտ ժամկետ, եթե այդ պահանջը չի կատարվում, ապա դրանից հետո 2 անգամ բարձրախոսով հաղորդում են հավաքը ցրելու մասին, նոր դրանից հետո ֆիզիկական ուժ են կիրառում: Բայց ոստիկանները նույնիսկ չեն ներկայանում, միանգամից մեքենաներից իջնում են և միանգամից ֆիզիկական ուժ են կիրառում. հենց առաջին բերման ենթարկվողն էլ ես էի:

Եթե մենք՝ փաստաբաններս, որ մարդկանց իրավունքներ ենք պաշտպանում, բախվում ենք այս խնդրին, ապա շարքային քաղաքացին, որն իր իրավունքների մասին իրազեկ չէ, ինչ է իր հետ լինում ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանները խառը բերման էին ենթարկում և զեկուցագիր էին կազմում՝ կեղծ տեղեկատվությամբ, օրինակ՝ այն զեկուցագիրը, ինչի հիման վրա ինձ բերման են ենթարկել, այսպես էր գրված, որ՝ մենք քաղաքացուն տեսանք բողոքի ակցիա իրականացնելիս, մոտեցանք, տեղեկացրինք համաճարակով պայմանավորված իրավիճակի պահպանման անհրաժեշտության մասին, ասացինք, որ հավաքը պետք է դադարեցնել, նրան տրվեց ողջամիտ ժամկետ, այնուհետև նախազգուշացվեց, և բերման ենթարկեցինք: Երբ դուք կադրերը տեսնում եք, ապա կարծում եմ՝ դուք էլ կարձանագրեք, որ այդ տեքստը դժվար էր տեղավորել այն 2 վայրկյանի մեջ, որի ընթացքում ոստիկանները մոտեցան ինձ»,- պարզաբանեց Արա Զոհրաբյանը:

Ազատագրական շարժման անդամի խոսքով՝ հետագայում ոստիկանությունը փոխել է զեկուցագիրը. «Մենք այդ ամբողջ խախտումները փաստագրել ենք. ապօրինի ձերբակալում, ապօրինի բերման ենթարկել, ապօրինի վարչական վարույթ, և ցավալի է, որ մենք ունենք այս վիճակը ոստիկանությունում: Փաստաբանին ոստիկանով չես կարող վախեցնել»:

Խոսելով ազատագրական շարժման նպատակների մասին, Արա Զոհրաբյանը նշեց, որ միասնականությամբ պետք է երկրի ներկայիս արհավիրքը կանխել. «Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը ի վիճակի չեն երկիրը այս վիճակից հանել, և պետք է բոլորով համախմբվենք, որպեսզի կարողանանք մեր ազգային շահը պաշտպանել»:

Ազատագրական շարժման հիմնական նպատակները երեքն են՝

– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Արա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու պարագայում այս երեք նպատակների իրականացումը արդյո՞ք հնարավոր է, ինչո՞ւ միանգամից նրա հրաժարականի պահանջը չի դնում շարժումը:

«Մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր հավատացել են Փաշինյանի իշխանությանը և նույնիսկ վերջին ընտրության ժամանակ կրկին վստահության քվե տվեցին: Ես՝ ինքս, և մեր շարժմանը միացած բոլոր անհատներն էլ գիտակցում են, որ, ի վերջո, խնդիրը այս անձից է գալիս, նա ի վիճակի չէ մեր երկիրը հանել այս թմբիրից, բայց պատկերացրեք, երբ մենք միանգամից ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մենք լավ տեսանք, որ մի քանի նման նախաձեռնություններ եղան, իշխանական լրատվամիջոցները շատ արագ դա ասոցացնում են՝ իբրև նախկին նման նախաձեռնությունների շարունակություն, և Նիկոլ Փաշինյանի այն համակիրները, ովքեր ուզում են սթափվել, բայց իրենց մոտ, միևնույն է, այդ հիպնոսն է աշխատում, միանգամից սկսում են կանգնել և գործողություն չեն անում: Մենք ուզում էինք այս երեք նպատակների միջոցով նաև իրենց ցույց տալ, որ եթե ձեր սիրելի վարչապետը իրոք իր հայրենիքը սիրում է, գոնե այս երեք գործողությունները պետք է իրականացնի»,- ի պատասխան՝ ասաց Արա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն առաջիկայում հստակ կձևակերպեն. «Մեր ծրագիրը այսպես է՝ մեր հանրությանը կոչ անել հավաքվել, և երբ, օրինակ՝ մոտ 50 հազար մարդ կհավաքվի, մենք չենք ուզում արյունահեղություն լինի, դա լավ տեղ չի տանելու, բայց երբ մենք մեծաքանակ լինենք, կառավարություն չէ՝ որևէ իշխանական ուժ ժողովրդի առջև ուղղակի փլվելու է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս