Հունգարիան պլանավորել է «Սպուտնիկ V»-ի արտադրությունն սկսել 2022 թվականի վերջին
Հունգարիան պլանավորում է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն սկսել 2022 թվականի վերջին: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին առեւտրական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն:
«Մենք պլանավորում ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը գործարկել պատվաստանյութերի արտադրության մեր ազգային գործարանում՝ սկսած հաջորդ տարվա վերջից»,-ասել է Սիյյարտոն՝ ամփոփելով ռուս-հունգարական միջկառավարական հանձնաժողովի՝ տնտեսական համագործակցությանը նվիրված նիստի արդյունքները:
Հունգարիայի գլխավոր սանիտարական բժիշկը հայտարարել է, որ երկրի բնակիչներին պատվաստելու ընթացքում «Սպուտնիկ V»-ն լավ արդյունքներ է ցուցաբերել:
«COVID-19-ի երրորդ ալիքի ժամանակ հենց «Սպուտնիկ V»-ի շնորհիվ փրկվեց Հունգարիայի քաղաքացիների 900 հազար կյանք»,-ասել է բժիշկը:
«Սպուտնիկ V»-ն Հունգարիայում գրանցվել է այս տարվա հունվարին. այն դարձել է Եվրամիության առաջին պետությունը, որը ճանաչել է ռուսաստանյան պատվաստանյութը: Ներկայում պատրաստուկն արդեն գրանցվել է ավելի քան 4 միլիարդ բնակչություն ունեցող 71 երկրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: