Հույս ունենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները կնախանշեն հեռանկարային ուղղություններ. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կհաջողվի Սոչիում նախանշել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ անդրադառնալով Սոչիում սպասվող եռակողմ բանակցությունների արդյունքներին:
«Մեր ակնկալիքները, ինչպես նաև երկու երկրներում, Ռուսաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ապրող մարդկանց մոտ՝ այն է, որպեսզի տարածաշրջանում հնարավորինս շուտ հաստատվի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Ռուդենկոն:
Ըստ նրա, հանդիպումն ընդհանուր առմամբ միտված է նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնության ստորագրումից հետո անցնող տարվա ընթացքի որոշակի արդյունքների ամփոփմանը, դիտարկմանը՝ ինչ է արվել և ինչ պետք է արվի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, ինչպես առաջ մղել երկրների միջև կարգավորման գործընթացը:
«Մենք հույս ունենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիր, կնախանշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասաց դիվանագետը:
ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Ղարաբաղյան ռեգիոնում դեռ չլուծված հարցեր են մնում:
«Դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային»,- նշել է նա: