Իտալիայում «գերանցաթուղթ» կհայտնվի COVID-19-ի դեմ պայքարելու համար
Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցները խստացնելուն եւ հայտարարել նոր տեսակի սանիտարական անցաթուղթ ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ANSA գործակալությունը:
Նոր փաստաթուղթը, որն ստացել է Super Green Pass անվանումը, գործելու է դեկտեմբերի 6-ից մինչեւ հունվարի 15-ը: Անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարող են որոշել այն հետագայում էլ օգտագործելու մասին:
«Գերանցաթուղթը» տրվելու է ինն ամսով: Այն կկարողանան ստանալ միայն պատվաստված եւ վերջերս COVID-19-ով հիվանդացած անձինք: Արդեն գոյություն ունեցող «բազային» անցաթուղթը՝ Green Pass-ը, տրվելու է չպատվաստված անձանց՝ կորոնավիրուսի բացասական թեսի հիման վրա:
Super Green Pass-ը հարկավոր կլինի երկրի այն մասերում, որոնք վիրուսից քիչ են տուժել՝ ներկայացումներ, համերգներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ, հանրային միջոցառումներ, ինչպես նաեւ հաստատություններում տեղակայված բարեր ու ռեստորաններ այցելելու համար: Ենթադրվում է, որ այդպիսով իշխանությունները կպաշտպանեն COVID-19-ից համեմատաբար ազատ գոտիները Եվրոպան ճարակած հիվանդության հերթական ալիքի արագ տարածումից:
Բազային Green Pass-ը բավարար կլինի հասարակական տրանսպորտում օգտագործելու, գրասենյակ աշխատանքի հաճախելու, հյուրանոցներում իջեւանելու համար: Դեկտեմբերի 15-ից COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա, մասնավորապես, զինվորականների, ոստիկանների, առողջապահության ոլորտի վարչական անձնակազմի համար: Բուժանձնակազմի համար պարտադիր կդառնա պատվաստանյութի երրորդ՝ բուստերային, չափաբաժինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: