Բաժիններ՝

Ավստրալիան ԱՄՆ-ից հետո խորհրդածում է Պեկինում Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին

Ավստրալիան քննարկում է պաշտոնատար անձանց՝ Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղեր ուղարկելուց հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է Sydney Morning Herald թերթը:

«Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում (Ավստրալիայի) ներկայացուցչության մասին որոշում դեռ չի ընդունվել»,-թերթը մեջբերում է երկրի սպորտի նախարարի մամուլի քարտուղարի հայտարարությունը:

Սակայն, հրատարակության տվյալներով, Խաղերի դիվանագիտական բոյկոտի կոչ են անում Ավստրալիայում կառավարող Լիբերալ-ազգային կոալիցիայի եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության անդամները:

Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը ենթադրում է, որ դրան չեն ժամանի պաշտոնատար անձինք, բայց մարզիկները կարող են մասնակցել: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը դիտարկվում է որպես գործողությունների հնարավոր տարբերակներից մեկը:

Ավելի վաղ The Washington Post թերթը հաղորդել է, որ ո՛չ Բայդենը, ո՛չ ԱՄՆ-ի վարչակազմի մյուս պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, չեն ժամանի Պեկինի Խաղերին: Ըստ թերթի տեղեկատվության, Բայդենն անհանգստացած է «Սինցզյանում, Տիբեթում եւ Հոնկոնգում ՉԺՀ-ի գործողություններից, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Չինաստանում մարդու իրավունքների խախտմամբ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ի նշան Չինաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ բողոքի, նույնպես չի բացառում Խաղերի դիվանագիտական բոյկոտը, հաղորդել է The Times-ը: ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն անցած շաբաթ քննադատության է ենթարկել Օլիմպիական խաղերի բոյկոտի գաղափարները:

«2022 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում անցկացվելու են 2022 թվականի փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, Պարալիմպիականները՝ 2022 թվականի մարտի 4-ից 13-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս