Հայ-ադրբեջանական սահմանի որոշման հարցով երկխոսությունը պետք է վարել խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերին:
«Ուղիղ մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից: Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները խելամտություն են դրսևորել ստորագրելով փաստաթուղթը՝ արյունահեղության դադարեցման և խաղաղ երկխոսության անցնելու համար: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է առաջ գնում, ինչի պատճառով տարածաշրջանում լարվածություն է պահպանվում»,- senatinform.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ այսօր գլխավոր խնդիրն այն է, որ սահմանազատումն իրականացվի այնպես, որ որևէ կողմի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները:
«Ռուսաստանն աջակցություն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային քարտեզները պահվում են միայն մեզ մոտ՝ պաշտպանության նախարարությունում: Դրանք ստուգված են, ճշգրիտ են և բնորոշում են հստակ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցություններ վստահաբար կարելի է վարել այդ քարտեզների հիման վրա, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կողմ են այդ մոտեցմանը… ընմբռնում և համաձայնություն կա, սակայն գործընթացը դանդաղ է առաջ գնում: Դրա պատճառով որոշակի լարվածությունը շարունակվում է»,- հավելել է նա