Ինչո՞ւ է Կապան համայնքի ղեկավարը մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը
Կապանի համայնքի վերընտրված ղեկավար Գևորգ Փարսյանը 168.am-ի հետ զրույցում բացեց վարչապետ Փաշինյանի և Սյունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպման փակագծերը.
«Մեծ հաշվով քննարկվել է այն, ինչի մասին խոսվել է ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ՝ միջանցք, դելիմիտացիա, դեմարկացիա, սահմաններ, քարտեզ, ներկա իրավիճակ»:
Արդյոք վարչապետը կարողացա՞վ փարատել Ձեր մտահոգությունները՝ հարցին ի պատասխան՝ համայնքապետը եղավ հակիրճ՝ «Մասամբ»:
Դիտարկմանն էլ, թե շատերի համար տարակուսելի էր այդ հանդիպմանը Ձեր մասնակցությունը՝ հաշվի առնելով ընդդիմադիր կեցվածքը, Գևորգ Փարսյանը արձագանքեց. «Տեղական ինքնակառավարման էությունը պետք է հասկանալ, և դրանից բխեցնել. պաշտոնական համագործակցություն»:
Այս համատեքստում Կապան համայնքի ղեկավարը նաև արձանագրեց՝ Կապանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, և ժողովուրդը վստահության քվեն տվել է իրենց, որպեսզի իրականացնեն տեղական ինքնակառավարում։
«Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան սեփական պատասխանատվությամբ համայնքի բնակչության շահերից ելնելով լուծելու համայնքային նշանակության հանրային խնդիրներ։
Այսինքն՝ սա նշանակում է, որ ժողովուրդը վստահել է մեզ, որպեսզի մենք իրենց խնդիրները լուծենք։ Այսօրվա դրությամբ շատ լավ տեսնում եք, թե մեր տարածաշրջանում ինչ է կատարվում, ինչ խնդիրներ են առկա, այդ խնդիրները հնարավոր չէ գոնե մեղմացնել՝ առանց կառավարության հետ համագործակցության. պաշտոնական համագործակցության մասին է խոսքը։ Եվ առհասարակ, համայնքն ու կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնական համագործակցություն միշտ եղել է, կա ու կլինի»,- մանրամասնեց համայնքապետը:
Հիշեցնենք՝ 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին և Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին:
Նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին:
«Իհարկե, մեր ընտրական համակարգը կատարյալ չէ, աշխարհում չկա էլ կատարյալ ընտրական համակարգ, բայց կարևոր է արձանագրվի՝ քաղաքացին վստահ լինի, որ իր ընտրությունն է որոշիչը: Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,- ասել է նա:
Անդրադառնալով Սյունիքի մարզի խնդիրներին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այդ առումով վարչապետը կարևորել է պաշտոնական՝ առաջին աղբյուրից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը: